19 տարի է՝ ցմահ դատապարտյալն արդարություն է պահանջում

Your browser doesn’t support HTML5

«19 վառ տարիներ տանն է անցկացրել, 19 սև տարիներ՝ բերդում», - ասում է Արթուր Մկրտչյանի հայրը:

Արդեն 19 տարի է՝ հինգ զինվորի սպանության մեջ մեղադրվող և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը պահանջում է արդար քննություն: Մինչ օրս արդարադատության համակարգը հրաժարվում է վերաբացել գործը, իսկ առողջական խնդիրներ ձեռք բերած 38-ամյա քաղաքացին ու նրա ընտանիքը չեն դադարեցնում արդարության հասնելու ջանքերը:

Մկրտչյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել զինվորական ծառայության երկրորդ տարում: Նա մինչ օրս կտրականապես հերքում է մեղադրանքը:

Արթուր Մկրտչյանի ծնողները արդեն շուրջ երկու տասնամյակ է՝ արդարադատության համակարգին են դիմում ապարդյուն: Տարիներ շարունակ այդ գործը հետաքննող իրավապաշտպանները պնդում են, որ Մկրտչյանի դատավճիռը բացարձակապես կապ չունի քրեական գործի հետ:

Զինվորի ծնողները՝ Ջավահիր և Համբարձում Մկրտչյանները երեկ իրենց որդու հոբելյանական տորթով էին գնացել Արդարադատության նախարարություն:

«Կգա ժամանակ, որ արդարադատություն բառը քաղցր հնչի, մարդիկ հույս ունենան, որ իսկապես արդարադատություն կլինի: Հիմիկվա էս իրականությունը դառը շատ ճնշող բան է, շատ ճնշող», - «Ազատության» հետ զրույցում ասաց Համբարձում Մկրտչյանը:

Երեկ նախարարությանը նվիրած խորհրդանշական տորթի վրա Արթուր Մկրտչյանի՝ զինծառայության 19 տարիներն ու բանտում անցկացրած 19 տարիները խորհրդանշող մոմերն էին:

«19 վառ տարիներ տանն է անցկացրել, 19 սև տարիներ՝ բերդում», - ասաց ցմահ դատապարտյալի հայրը՝ շարունակելով․ - «Եթե գոնե ես իմանայի՝ իմ տղայի վրա մի կաթիլ արյուն կա, ինչ-որ մի տեղ հասկանալի կլիներ, որ իսկապես արել է՝ պիտի պատասխան էլ տա: Բայց երբ գիտես, որ այդպիսի բան չկա, ու համոզված ես՝ ոչ թե հարյուր, այլ եսիմ քանի հարյուրապատիկ տոկոսով, պատկերացրեք, որ դա մեր համար, չգիտեմ՝ ինչ անուն տամ, սարսափելի է․․․ Ես ոչ մեկին, նույնիսկ իմ թշնամուն չէի ցանկանա մեր կյանքով որ ինքը ապրեր գոնե մի օր»:

Ծնողների միակ խնդրանքը անցած 19 տարիներին եղել է քրեական գործի բացահայտումը:

«Գրողի ծոցը, թող չբացահայտեն, գոնե էս եղածով բավարարվեն: Եթե էդ գործը դնեն բացեն, շատերի, ոնց որ ասում են՝ գլուխները կթռնի», - ասաց Համբարձում Մկրտչյանը` հավելելով․ - «Ես դրա կողմը չեմ»:

Արթուրի հայրը մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը: «Ու եթե հանկարծ էն ժամանակ պատկերացնեի, թե ինչ է կատարվելու իմ ընտանիքի հետ, ես, ճիշտ եմ ասում, ընտանիքս կվերցնեի՝ կփախնեի էս երկրից», - հայտարարեց նա:

Արթուրը բանտում զանազան ծանր հիվանդություններ է ձեռք բերել․ թոքախտից բուժվել է, հիմա լուրջ խնդիրներ ունի լյարդի, փայծաղի հետ: Նրան անհրաժեշտ է բժշկական հսկողություն, բայց բանտային պայմաններում դրա ապահովումն անհնար է:

Անցած 19 տարիներին Հայաստանի դատաիրավական համակարգի գործելաոճի պատճառով Մկրտչյանների կյանքը վերածվել է, ինչպես իրենք են բնորոշում, դժոխքի: «Ինքը ներսում էր ցմահ, մենք՝ դրսում», - ասաց Ջավահիր Մկրտչյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վկայում է՝ զինվորական գործերով ցմահ ազատազրկվածները, որոնց թիվը, իր տեղեկություններով, շուրջ մեկևկես տասնյակ է, կարոտ են արդարադատության:

Ալեքսանյանը 2000 թվականին լրագրողական հետաքննություն է հրապարակել Արթուր Մկրտչյանի գործով: Հետաքննություն իրականացրած հեղինակավոր իրավապաշտպանները համոզմունք են հայտնում, որ այդ գործով անհրաժեշտ է արդարացման դատավճիռ:

«Էդ անարդարության զգացումով մարդիկ 20 տարիներից ավել հայտնվել են բերդում: Դա իրոք սարսափելի է, և որևէ մեկը՝ նկատի ունեմ իշխանություններից, իրավապահ համակարգից, իրենք չեն ուզում հիշել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Արթուր Մկրտչյանի գործը վերանայելու պահանջ է ներկայացրել նաև տուժող կողմը՝ սպանված զինվորների իրավահաջորդները:

«Արթուր Մկրտչյանը անմեղ է, և հետաքննությունը կոչվում էր՝ «Անմեղ մարդը դատապարտվել է մահվան», - ասաց Ալեքսանյանը:

Հարցին՝ ինչն է պատճառը, որ հետևողականորեն ամեն ինչ արվում է, որպեսզի չբացահայտվի գործը, իրավապաշտպանը արձագանքեց․ - «Դատախազական համակարգը, առհասարակ, չի հրաժարվում իր մեղադրանքից: Պատճառներ կան նաև Արթուր Մկրտչյանի քրեական գործով․ այնտեղ քանի որ զենքի առևտուր է եղել՝ դիրքում, բայց նրան մեղադրել են թղթախաղի մեջ 100 դոլար կրվելու, էսպես․․․ Ինչ-որ մի ցնդաբանություն է դա, իհարկե, երբ հինգ զինծառայող են սպանված հրազենային բազմաթիվ վնասվածքներով, և ինչ-որ թղթախաղի պատճառ են դրել: Իրականում այնտեղ եղել է զենքի վաճառք, որի մասին Արթուր Մկրտչյանը արդեն դատարանում հայտարարել է»:

«Նա խոշտանգումների արդյունքում է խոստովանական ցուցմունք տվել, երբ նրա եղբորը խոշտանգված վիճակում բերել են նրա մոտ, նա այլևս չի կարողացել: Եղբայրը նույնպես ծառայում էր այդ ժամանակ բանակում, և նրա կյանքին վտանգ էր սպառնում», - շարունակեց իրավապաշտպանը:

Արթուր Մկրտչյանի մերձավորները վկայում են՝ նրա արդարության սպասումներն այն աստիճանի են, որ անգամ բանտում ցմահ ազատազրկվածի կարգավիճակում սովորաբար ինքն է հուսադրում հարազատներին: