Վերջին երկու տարում Հայաստանի ավելի քան 2000 քաղաքացի «գրին քարտ» է շահել

Your browser doesn’t support HTML5

Այս տարվա հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դիմումներ է ընդունում 2015-2016 թվականների ներգաղթային վիզաների վիճակախաղի համար։

«Գրին քարտ» անվամբ առավել հայտնի ԱՄՆ-ի ներգաղթի այս ծրագիրն այս տարի ևս գործում է՝ չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական պատգամավորների պնդումներին, որ «Բազմազանության արտոնագրերի վիճակախաղ» ծրագիրը պետք է վերանայվի, իսկ Պետդեպարտամենտը դրա փոխարեն պետք է անցնի ընտրովի միգրացիայի ծրագրերին։

«Օրենսդրական հարցերի հետ կապված մեկնաբանություն չեմ ուզում անել, նման խոսակցություններ նախկինում էլ եղել են, բայց, ինչպես տեսնում եք, ծրագիրը դեռ շարունակվում է», - այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների հյուպատոս Ֆրանկ Թուն։

Ամեն տարի այս ծրագրին դիմում են տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ։ Օրինակ, 2013 թվականին դիմողների թիվը եղել է 97 հազար, որոնցից շահել են մոտ 1000-ը։ Վերջին՝ 2013-2014 տարիների խաղարկության մասնակիցներից շահել է 2216-ը։ Համեմատության համար նշենք, որ ադրբեջանցի շահողների թիվը 494 է, իսկ վրացիներինը՝ 806։

1995 թվականից սկսած այս խաղարկությունն անցկացվում է այն երկրներում, որտեղից ավանդաբար չկա մեծ հոսք դեպի ԱՄՆ. «Գրին քարտ» ծրագիրն, օրինակ, չի գործում Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում և այնպիսի երկրներում, որտեղից առանց այն էլ ամեն տարի մեծ թվով մարդիկ են մեկնում ԱՄՆ՝ մշտական բնակության։

«Այս ծրագրի շրջանակներում 50 հազար մուտքի արտոնագիր ստացող քաղաքացիներին մենք բաժանում ենք վեց աշխարհագրական տարածքների, Հայաստանն ընդգրկված է Եվրոպայում, որտեղից դիմումներ շատ քիչ են ստացվում»,- ասաց Ֆրանկ Թուն։

Արևմտաեվրոպական երկրներից ծրագրին և՛ դիմողներն են քիչ, և՛ շահողները։ Օրինակ, Ավստրիայից անցյալ տարի շահել է ընդամենը 150 քաղաքացի, Դանիայից՝ 103։ Բայց նույն տարածաշրջանում ընդգրկված որոշ երկրներ այս ծրագրի շրջանակում ամենամեծ թվով քաղաքացիներ ուղարկողների շարքում են, օրինակ, անցյալ տարի Ռուսաստանից բազմազանության արտոնագիր կամ «գրին քարտ» է ստացել մոտ 4500 քաղաքացի, Ուկրաինայից՝ ավելի քան 6000։ Նման բարձր ցուցանիշ ունի նաև Իրանը, Նիգերիան, Կոնգոն և մի քանի այլ աֆրիկյան երկրներ։

«Հաղթողները ստանում են կեցության, աշխատանքի թույլտվություն և կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար»,- ասաց ԱՄՆ-ի հյուպատոսը։

Ծրագրի հաղթողներն ընտրվում են վիճակահանության սկզբունքով. Ֆրանկ Թուն զգուշացնում է չվստահել զանազան կայքերի, որոնք փորձում են միջնորդ հանդիսանալ «գրին քարտ»-ին դիմելու համար՝ առաջարկելով վճարովի ծառայություններ։ Նա փոխանցեց, որ հայտերն ընդունվում են առցանց, դիմելու համար գումար չի գանձվում։