Թոքի քաղցկեղով ու շաքարախտով հիվանդին զրկել են հաշմանդամության երկրորդ կարգից

63-ամյա Սամվել Հովհաննիսյանն արդեն երկու տարի է, ինչ թոքի քաղցկեղ ունի, ինչպես նաև շաքարախտ: Հիվանդությունների դեմ պայքարելու փոխարեն, սակայն, ստիպված է կռիվ տալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կայացրած որոշման դեմ:

Հովհաննիսյանը պատմում է, որ շուրջ երկու տարի առաջ ստացել է հաշմանդամության երկրորդ կարգ, սակայն այս տարի նրան ընդգրկել են երրորդ խմբում՝ զրկելով մի շարք բժշկական ծառայություններն անվճար ստանալու իրավունքից:

«Պատճառաբանել են, որ ձեր վիճակը ստաբիլ է, տեսքին նայելով երևում է, որ բավականին լավ վիճակում եք: Ես ուղղակի ուզում եմ հարցնել, թե նրանք ռենտգե՞ն են իրենցից ներկայացնում, որ տեսքին նայելով, որոշում են՝ հիվանդը առողջացել է, թե ոչ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Նա այսօր բողոքարկել է նախարարության որոշումը՝ արտաքին տեսքը գնահատելու փոխարեն բժշկական փորձաքննություն է պահանջել:

«Եթե գումար չես տալիս, ստիպված ես ամիսներ շարունակ դռնեդուռ ընկնել, նյարդեր, ժամանակ և գումար ծախսել ապացուցելու համար, որ անբուժելի հիվանդ ես», - հավելում է նա:

«Փորձագիտական էդ ծառայությունները ոչ թե հիվանդի համար են աշխատում, այլ ընդդեմ հիվանդի են աշխատում։ Չի կարելի, հիվանդն ունի այսպիսի բարդ խնդիրներ՝ փոխանակ օգնեն, դեռ մի բան էլ վնասում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպանները պնդում են, որ սա տարածված երևույթ է, այս հարցով տասնակ դատական գործեր կան։

«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության՝ մարզերում կատարած հարցումների համաձայն, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը 50 - 100 հազար դրամ է պահանջում կարգ տրամադրելու համար:

Այն, որ ոլորտում առկա են կոռուպցիոն դրսևորումներ, կամայական և շատ հաճախ անարդար վերաբերմուն,ք չի հերքում նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը:

«Ձեզ թվում է, որ ես հիմա պետք է հերքեմ և ասեմ, ո՛չ, էդ ոլորտը մաքուր է։ Ես էլ եմ շփվում, դուք էլ եք շփվում, մյուսներն էլ են շփվում, եթե մի անգամ թեկուզ մեկ փաստ եղավ, ուրեմն ի՞նչը հերքես», - ասաց փոխնախարարը։

Հարցին, թե ինչ է արվում իրավիճակը շտկելու համար, Արայիկ Պետրոսյանը պատասխանեց, թե մեկ տարի առաջ հեռացվել է Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը, մոտ վեց աշխատակիցներ, քրեական գործեր են հարցուցվել: Իսկ, թե ինչ իրավիճակ է այժմ, փոխնախարարը չմանրամասնեց, միայն ասաց, որ Ազգային ժողովում է «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության և ներառման մասին» օրենքը, որի միջոցով փորձելու են բարեփոխումներ կատարել:

«Ավելի շատ մեր մոտեցումը հետևյալն է՝ այնպես անել, որպեսզի մարդուց քիչ բան կախված լինի՝ սուբյեկտիվ որոշումը, իհարկե ինքը բարդ ոլորտ է, առանձնահատուկ ոլորտ է, նեղ մասնագիտական ոլորտ է, բայց, բոլոր դեպքերում, մեր ամբողջ քաղաքականությունը և կառուցակարգերը փորձում ենք էն ուղղությամբ տանել որպեսզի քիչ բան կախված լինի նրա որոշումից», - «Ազատության» հետ զրույցում ասաց փոխնախարարը։

Սամվել Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ մտադիր չէ մեկ տարի էլ սպասել բարեփոխումների․ եթե բողոքարկումն իր արդյունքը չտա, մտադիր է դիմել դատարան:

«Մինչև վերջ պայքարելու եմ, որպեսզի ապացուցեմ, որ, եթե դուք Հայաստանում կարողանում եք քաղցկեղը բուժել, խնդրեմ բուժեք, և ես կարգ չեմ ուզում», - ասաց Հովհաննիսյանը։