Հայազգի Իսաբել Դինգիզյանը ընտրվել է Շվեդիայի խորհրդարանի՝ Ռիկսդագի փոխնախագահի պաշտոնում: Նրան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության և շվեդական հասարակության առջև ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբերած աներկբա կեցվածքի», - Ազգային ժողովի փոխնախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ասված է ուղերձում:
«Հայաստանում բարձր են գնահատում Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործում Ձեր ունեցած առանցքային դերակատարումը, ինչպես նաև Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման ողղությամբ ցուցաբերված աջակցությունը», - գրել է Շարմազանովը:
«Վստահ եմ, որ Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում Ձեր գործունեությունը վճռական նշանակություն կունենա նաև հայ - շվեդական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, մասնավորապես միջխորհրդարանական փոխգործակցության ասպարեզում, ինչը հանդիսանում է նաև Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարության անկեղծ ցանկությունը», - ասված է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի ուղերձում:
Շվեդիայի խորհրդարանը, հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել 2012 թվականի մարտին: