ԱԺ նախագահն անպատասխան թողեց Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին հարցը

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ըստ էության, անպատասխան թողեց Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանին վերանշանակելու մասին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցը:

Հերթական քառօրյայի առաջին նիստում ընդդիմադիր պատգամավորն իր հարցը ձևակերպեց շատ կոնկրետ. - «Սյունեցիներից մեկին ոչնչացրածին վերստին նշանակելով մարզպետ` կարո՞ղ ենք արձանագրել, դուք նրան Կառավարության որոշման մակարդակով տալիս եք Սյունիքում, Հայաստանի այլ տարածքներում սպանություններ և այլ լկտիություններ կատարելու արտոնագիր»:

Գալուստ Սահակյանի արձագանքը. - «Երբ որ կարողանաք Ազգային ժողովին լիազորություններ տալ դատաիրավական, քննչական գործողությունների, այդ հարցը կարող եք ուղղել Ազգային ժողովին: Իսկ եթե հնչեցնում եք ժողովուրդը լսելու համար, արդեն իսկ հնչեցրեցիք»:

Փաշինյանի նախագիծը մերժվեց

Ազգային ժողովն այսօր մերժեց քննարկել սահմանապահ համայնքների համար լայն արտոնություններ նախատեսող` Նիկոլ Փաշինյանը նախագիծը:

Արտոնություններից պետք է օգտվեր 40 համայնք՝ ներառյալ Ադրբեջանին սահմանակիցները:

Այսօրվա քվեարկությունից հետո նախագիծն անգամ քննարկման փուլ չի անցնի: Չփրկեցին անգամ Փաշինյանի հավաստիացումները, թե կարող է համահեղինակ դարձնել բոլոր խմբակցություններին:

«Նախընտրելի նախագիծ է, բայց քաղաքական վեց խմբակցություններ իրենց առաջարկություններով դիմել են Կառավարությանը, այդ առաջարկությունները ավելի համապարփակ կլինեն: Այնպես որ, թող չթվա, որ մարդիկ կան Ազգային ժողովում, որոնք դեմ են արտոնություն տալ սահմանապահ շրջաններին», - ասաց Գալուստ Սահակյանը:

«Ինքս նախորդ չորեքշաբթի մասնակցել եմ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստին, որտեղ նախատեսվում էր սահմանամերձ համայնքների հարցերը քննարկել, և կարող եմ հաստատել, որ սրան համարժեք նախագիծ ստեղծելու հարց առայժմ, ցավոք սրտի, Կառավարության օրակարգում չկա», - ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իշխանության տեսակետին ընդդիմացան կանայք՝ «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն ու ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը:

Փոստանջյանը պնդեց, որ նման օրենքի անհրաժեշտությունն այսօր «շատ հրատապ է». - «Մենք իրավունք չունենք սպասելու Կառավարությանը, որպեսզի Կառավարությունը փաթեթով օրենքներ բերի»:

«Ինչո՞ւ պետք է անընդհատ մենք աջակցենք, ոչ թե մեզ աջակցեն», - ասաց Բիշարյանը:

Խորհրդարանականների կարծիքները կիսվեցին. անգամ հանրապետականների շարքերում գտնվեցին պատգամավորներ` Մհեր Սեդրակյանը, Կարեն Կարապետյանը և այլոք, ովքեր կողմ էին Փաշինյանի նախաձեռնությանը: Ավելի շատ էին, սակայն, չքվեարկողներն ու ձեռնպահ մնացածները: Այդ հարցում Հանրապետականի կարծիքը կիսեցին նաև ոչ իշխանական ԲՀԿ-ի շատ ներկայացուցիչներ:

Գալուստ Սահակյանը Նիկոլ Փաշինյանին հորդորեց չվիրավորվել:

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրով․ ե՞րբ է նախագահը խորհրդարանից հետ կանչելու դրանք․ - «Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը այդ վայրը չէ, «գրողի ծոցը» չէ, թեպետ կարելի է նաև պնդումներ անել, որ այստեղ «գրողի ծոցը» հասկացությունը իրականությանը համապատասխանում է, քանի որ այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները․․․»

Պատգամավորին ընդհատեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Շարմազանովը՝ խնդրելով «պահպանել քաղաքական կոռեկտություն և խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ»:

«Պարոն Շարմազանով, «գրողի ծոց» բառակապակցությունը, որը հեղինակային իրավունքով հնչել է ՄԱԿ-ի ամբիոնից, օգտագործվել է ձեր կուսակցության ղեկավարի կողմից, որը այստեղ մեջբերվում է․․․», - արձագանքեց Փոստանջյանը, սակայն չկարողացավ ավարտին հասցնել խոսքը, քանի որ Շարմազանովի հրահանգով նրա խոսափողն անջատվեց:

Մինչև օրակարգային հարցերին անցնելը դահլիճն անվերահսկելի դարձավ: Քվեարկում էին «Արտոնագրային վճարների մասին» օրենքում «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորների հեղինակած փոփոխությունների նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցը: Շարմազանովը հայտարարեց, թե գործընկերների մի մասին չի հաջողվել ճիշտ քվեարկել (խոսքը թերևս դեմ արտահայտվելու մասին էր) և որոշեց հարցը նորից դնել քվեարկության:

Չնայած նախագիծը մերժվել էր, ԲՀԿ-ն ընդդիմացավ: Տիգրան Ուրիխանյանը ասաց․ - «Հարգելի նիստը նախագահող, խնդրում եմ հիմնավորեք կրկնակի քվեարկությունը: Հիմնավորեք»:

Այդ ժամանակ Շարմազանովն ասաց․ - «Վերաքվեարկության խնդիր չկա․ կողմ 47, դեմ 42, ձեռնպահ 3: Որոշումը չի ընդունվել»: