Ռուս փորձագետ․ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետ, թեկուզև ձևական, բայց կլինի

Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնով, արխիվ

Վադիմ Դուբնովը համոզված է, ԵՏՄ-ին անդամակցությունից տնտեսական դիվիդենտներ Հայաստանը չի ստանա:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արդեն հրապարակել է Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության պայմանագրի նախագիծը: Պաշտոնական Երևանը լուրջ ակնկալիքներ ունի, որ պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովում:

Փորձագիտական շրջանակներում, սակայն, կարծիքները տարբեր են: Թե՛ ռուսաստանցի, թե՛ հայաստանցի վերլուծաբանները ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը կապում են նախևառաջ Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումների հետ:

Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովը համոզված է, որ Բելառուսի մայրաքաղաքում ստորագրություն տեղի կունենա:

«Սա թերևս չի նշանակում, որ միությունը կստանա ռեալ իմաստ, բայց Մոսկվային այսօր անհրաժեշտ է նման ակցիա՝ ցույց տալու համար, որ մեկուսացված չէ և որ ունի դաշնակիցներ, և որ Եվրասիական միությունը ընդլայնվում է: Կարծում եմ, պատահական չէ, որ Հայաստանի արտգործնախարարությունը հրապարակել է պայմանագրի նախագիծը», - նշեց Դուբնովը:

Նախագծի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, սակայն պայմանագիրը իրավական դաշտ է ստեղծում, որպեսզի ցանկացած պահին Մինսկն ու Աստանան բարձրացնեն Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետերի մասին հարցը:

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ այլ հարց է, որ այդ մաքսակետերը ձևական բնույթ են կրելու, և եթե հանկարծ ռեալ խոչընդոտ լինի Ղարաբաղ մտնող կամ Ղարաբաղից դուրս եկող ապրանքի համար՝ Հայաստանի նախագահը լուրջ գլխացավանք կունենա: Սակայն որ ձևական բնույթի, բայց, այդուամենայնիվ, մաքսակետեր հայտնվելու են՝ Դուբնովը չի կասկածում:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է շահում պաշտոնական Երևանը անդամակցությունից, փորձագետի կարծիքով՝ տնտեսական դիվիդենտներ Հայաստանի տնտեսությունը չի ստանա, և Հայաստանի իշխանությունների համար անդամակցության իմաստը քաղաքական հարթությունում է:

Վերջին շրջանում նկատելի ակտիվացել են ռուս - ադրբեջանական շփումները, սակայն, Դուբնովի խոսքով, Մոսկվայի և Բաքվի բանակցություններում այսօր Եվրասիական միությանը Ադրբեջանի անդամակցության հարց չկա․ Բաքուն այս հարցում միանշանակ դիրքորոշում ունի: