ԱՄՆ-ը շարունակում է հարվածներ հասցնել ԻՊ զինյալների հենակետերին

Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայում մարդու իրավունքների հարցով դիտորդական կենտրոնը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների առաջնորդած օդուժը սեպտեմբերի 27-ին նոր հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» անվամբ զինված խմբավորման հենակետերին։

Առնվազն 31 հուժկու պայթյուն է որոտացել Ռաքա գավառում, որտեղ տեղակայված է իսլամիստների կենտրոնակայանը։ Բացի այդ, ռմբահարվել է Մինբեջ ավանը։

Միացյալ Նահանգների զինված ուժերի միավորված շտաբի պետ, գեներալ Մարթին Դեմփսին ասել է, որ օդային հարվածներն էական վնաս են հասցրել իսլամիստներին, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է մինչև 15 հազարի հասնող ցամաքային ստորաբաժանում։ Դեմփսիի խոսքով՝ այն կհամալրվի Սիրիայի չափավոր ընդդիմության մարտիկներով։

Երեկվանից ամերիկացիների և արաբների օդային արշավին միացել են բրիտանացիները, բելգիացիները և դանիացիները։