Սուրիկ Խաչատրյանի վերադարձը. Մարզպետի ենթակաները շուքով դիմավորեցին նրան

Your browser doesn’t support HTML5

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այսօր մարզպետարանի դիմացի հրապարակում դիմավորեցին մարզպետարանի աշխատակիցները։

Մարզպետարանի նիստերի դահլիճում տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետին։

«Հարգելի գործընկերները, այսօրվա մեր առիթը երեկ կառավարության որոշումով պարոն Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակումն է։ Ես այսօր ՀՀ վարչապետ, պարոն Հովիկ Աբրահամյանի անձնական հանձնարարությամբ այդ պատիվը ունեմ ներկայացնելու ձեզ Սուրիկ Խաչատրյանին։ Թե ձեզ, թե ինձ համար պարոն Խաչատրյանի ներկայացումը ուրիշ իմաստ և խորհուրդ ունի»,- ասաց Տերտերյանը։

Տարածքային կառավարման փոխնախարարը շնորհավորեց Խաչատրյանին Հովիկ Աբրահամյանի և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի անունից.- «Այս նշանակումով բոլորս, և նաև պարոն Խաչատրյանը լուրջ բարոյական և պաշտոնեական պատասխանատվություն ենք վերցրել. կառավարության որոշումը արդեն իսկ ենթադրում է մեծ վստահություն երկրի նախագահի, վարչապետի կողմից։ Պատասխանատու աշխատանքներ ունենք անելու, գաղտնիք չէ նաև ապագա քաղաքական մեծ միջոցառումներ»։

Սուրիկ Խաչատրյանը իր խոսքում նշեց, որ պետք է միասնական լինել և կանգնել երկրի իշխանությունների կողքին։

«Մի անգամ ևս համոզվեցինք, որ աշխարհը կլոր է, կենտրոնը Սյունիքն է։ Ես ուրախ եմ, որ վերադարձա մի կոլեկտիվ, որի մոտ տասը տարի աշխատել եմ։ Ես չեմ ուզում երկար ճառեր ասել, ես ուզում եմ՝ բոլորիդ հետ միասին նախորդ մարզպետին շնորհակալություն ասենք»,- ասաց նա։

Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մարզի բոլոր ուժային կառույցներին, որ «կարողացել են այս տարիների ընթացքում համագործակցել»։ Նրա խոսքերը ընդմիջվում էին բուռն ծափահարություններով։

Վաչե Տերտերյանը նշեց, որ ցանկացողները կարող են ելույթ ունենալ և շնորհավորել վերանշանակված մարզպետին, սակայն դահլիճից ոչ մեկը չշնորհավորեց։ Արդեն մարզպետի աշխատասենյակում բոլորը սպասում էին նրան հերթով շնորհավորելու համար։

Ներկաներից որևէ մեկը չհիշեցրեց մարզպետի առանձնատան տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին, չփորձեց որևէ բան պարզել այդ առնչությամբ։

Հիշեցնենք, Սյունիքի մարզպետը հրաժարական էր տվել իր առանձնատան բակում տեղի ունեցած սպանության պատճառով, որը հետագայում նախաքննական մարմնի կողմից որակվեց որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն» մարզպետի որդու կողմից։

Մերի Սողոմոնյան, Անուշ Մարտիրոսյան