Հարվածներ «Իսլամական պետության» նավթի պաշարների ուղղությամբ

ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ռազմական դաշինքը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ երրորդ օրվա գրոհներն ուղղել է ընդդեմ նավթամշակման 12 գործարանների։ Ըստ Պենտագոնի, գրավված գործարաններն այս խմբավորմանն ամեն օր բերում են 2 միլիոն դոլարի շահույթ։

Սիրիայի նավթամշակման 1Օ խոշոր գործարաններից 6-ը այժմ գտնվում է «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության ներքո։ Այստեղ մշակված նավթն անօրինական վաճառքի է հանվում Իրաքի Քրդստանում կամ Թուրքիայի, Իրանի ու Հորդանանի սահմաններում։ Իսլամիստ ծայրահեղականներից նավթ է ստիպված գնում նաև Սիրիայի կառավարությունը։

Ավելի վաղ ստացված հաղորդագրությունների համաձայն, ամերիկյան օդուժը Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի մոտ ոչնչացրել է իսլամիստ զինյալներին պատկանող բեռնատար ութ ավտոմեքենա։ Գրոհները թույլ են տվել քրդական ուժերին ծայրահեղ իսլամիստական այս շարժման զինյալներին հետ շպրտել Քոբանե քաղաքի մոտակայքից։ Իսկ Սիրիայի բանակային ուժերին հաջողվել է հետ գրավել Դամասկոսին հարող Ադրա քաղաքը։

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական դաշինքին միանալու կոչով է խորհրդարանում հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը։ Բրիտանացի օրենսդիրներն այս հարցի շուրջ քվեարկություն են անցկացնելու ուրբաթ օրը։

Վարչապետ Քեմերոնի խոսքերով, «Իսլամական պետությունը» հստակ սպառնալիք է իր երկրի համար։ Այժմ, ասում է նա, կա դրան պարտության մատնելու համապարփակ ռազմավարություն։

Ինչպես Անգլիայի Թագավորական հաստատության վերլուծաբան Մայքլ Սթիվենսն է ասում, Մեծ Բրիտանիայի հասարակությունը մտահոգ է մեկ այլ հակամարտության մեջ ներքաշվելու հարցում, սակայն բրիտանացի Դեյվիդ Հայնեսի գլխատման փաստը մեծապես փոխել է ժողովրդի ընդհանուր տեսակետը։ Ուրեմն, հարց է՝ արդյոք «Իսլամական պետությունը» մարդկանց ցուցադրաբար գլխատելով գործում է հօգո՞ւտ, թե՞ ընդդեմ իրեն։

Մյուս հարցին պիտի պատասխան տա Արևմուտքը, ասում է Քինգզ քոլեջի դասախոսներից Քրեյգ Լարքինը։ Հարցը հետևյալն է. հիմա ի՞նչ պիտի արվի։

Լարքինի կարծիքով, չնայած «Իսլամական պետության» առաջխաղացումը կկասեցվի և այն այլևս չի կարողանա գրավել նոր տարածքներ, այդ ուժի դեմ անհնար է կռվել որպես սովորական զորքի։ «Դրան լիովին պարտության մատնելու համար ի վերջո անհրաժեշտ են լինելու Արևմուտքի ցամաքային ուժերը», - ասում է նա։

ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցներն ուզում են, որ այդ դերը ստանձնեն տեղի ուժերը, Իրաքում՝ իրաքյան բանակը և քրդական ջոկատները։ Սիրիայի դեպքում դեռ պարզ չէ։ Ինչպես Մայքլ Սթիվենսն է ասում, քանի դեռ հստակ չէ երկարաժամկետ ռազմավարությունը, թե ում հետ է հարկավոր աշխատել «Իսլամական պետության» տապալումից հետո, այդ ռազմավարությունը դեռևս իրեն արդարացնել չի կարողանալու։

Վարչապետ Քեմերոնը քննարկումներ է անցկացնում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Սա անցած 35 տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետի ու Իրանի նախագահի առաջին հանդիպումն է։