Նյու Յորքում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Իրանի նախագահը

ԱՄՆ - Իրանի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումը ՄԱԿ-ում, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2014թ․

ՄԱԿ-ում երեկ հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին։

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է։

Կողմերն ընդգծել են «Իսլամական պետության» վտանգավորությունը տարածաշրջանի համար և հայտարարել, որ տարածաշրջանում բոլոր երկրները պետք է ամեն ինչ անեն՝ նվազեցնելու համար աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին։

Քեմերոնի գրասենյակի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Իրանի նախագահը համաձայնել են բարելավել կապերը Լոնդոնի ու Թեհրանի միջև, ինչպես նաև երկարատև համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։