Դատախազությունն արձագանքում է Ղազախստանի հայ համայնքի պաշտոնյային առնչվող հրապարակումներին

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ղազախստանի հայ համայնքի պաշտոնյայի կողմից «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի նկատմամբ բռնության ահազանգերը։ Ինչպես տեղեկացանք հանրային կապերի բաժնից, դատախազությունը փորձում է պարզել լրատվամիջոցների հրապարակումներում նշված հանգամանքները։

Միջադեպը տեղի էր ունեցել «Հայաստան - Սփյուռք» համաժողովի մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 19-ին օպերայի թատրոնի մոտակայքում: Ինչպես անմիջապես ահազանգեց «Հայկական ժամանակ»-ը, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը թերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի թևից «մի քանի անգամ քաշքշել է, նրա ձեռքից խլել ձայնագրիչն ու շպրտել, ապա իր հետևից քայլող ինչ-որ հաստավիզերի հրահանգել՝ «սրան ստեղից կորցրեք»:

Երբ Թագուհին փորձել է հեռախոսով նկարել ասոցիացիայի նախագահի պահվածքը, նշված մարդիկ լրագրողից խլել են հեռախոսը՝ սպառնալով այն նետել ջուրը: Հեռախոսը խլելով Թագուհու ձեռքից՝ Կարապետյանի «թիկնապահներից» մեկը, որի «բեյջի» վրա գրված է եղել Աբրահամյան, ջնջել է նկարահանածը, ապա հեռախոսը վերադարձրել։

Ըստ պարբերականի, համայնքի պաշտոնյային վրդովեցրել է լրագրողի հարցը, որը վերաբերել է համայնքում նրա գործունեությունից դժգոհ լինելու մասին լուրերին։ Ի պատասխան մեր գրավոր հարցման, Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանեցին, որ Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ հրապարակումներում նշված հանգամանքները պարզելու և Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար։

«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում «բացարձակապես ոչ ադեկվատ» համարեց իրավապահ մարմինների արձագանքը կատարվածին. - «Մենք պարզել ենք, որ գործով ընդհանրապես չեն զբաղվում, որովհետև եթե գործով զբաղվեին գոնե ինչ-որ մի հարցում կուղարկեին թղթակցին, ում նկատմամբ ոտնձգություն է իրականացվել»:

«Հայկական ժամանակ»-ի թողարկման պատասխանատուն նաև կարծում էր, որ «Հայաստան- Սփյուռք» համաժողովը թեկուզ այս միջադեպից հետո պետք է անդրադառնար Արտյուշա Կարապետյանի գործունեությանն ու փորձեր պարզել այդ գործունեության վերաբերյալ հրապարակումների իսկությունը։ Մասնավորապես, մամուլը գրել էր, որ Արտյուշա Կարապետյանը ընտրությունները կեղծելով է դարձել ասոցիացիայի ղեկավար՝ ընտրողներին սպառնալով, թե հակառակ դեպքում «լավ չի լինի», փակել է եկեղեցին, որ հայերն այնտեղ չհավաքվեն ու իր դեմ քայլեր չնախաձեռնեն, որ 6 մարզային կազմակերպություններ դուրս էին եկել «Նաիրի» միավորումից, և Կարապետյանը պատժիչ արշավ է սկսել անհնազանդների դեմ, և այլն: Այնինչ «Հայաստան- Սփյուռք» համաժողովում որևէ հարց չբարձրացվեց այս ամենի մասին։

Ե՛վ Հայկ Գևորգյանը, և՛ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը տարակուսած էին, թե ինչպես կարելի է ունենալ նման մեծ ռեսուրս, բայց հավաքը վերածել «բաժակաճառերի»:

«Դա ընդամենը Սփյուռքի նախարարության PR ակցիան է, մեծ-մեծ տառերով գրված «Սփյուռքի նախարարություն», բաժակաճառեր ասելու մի միջոցառում է իրականում դա իրենից ներկայացնում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանյանը. - «Ինչ վերաբերում է Ղազախստանի հայ համայնքի ղեկավարին, փաստորեն 1-2 տարի շարունակ տեղեկություններ էին հասնում էնտեղից, որ էնտեղ խայտառակ բաներ են կատարվում, որ բռնություններ են, որ ինչ-որ թիկնապահների միջոցով ընտրություններ է կեղծել, և այլն։ Ճիշտն ասած՝ չենք տպագրել շատ բան, խնայել ենք ինչ-որ տեղ, մտածել ենք՝ հայ համայնքին է վերաբերվում, զգույշ լինենք, բայց այս մարդը իր այս քայլով ապացուցեց, որ այդ բոլոր տեղեկությունները շատ իրական են և մի բան էլ կարող է ավելի մեղմ են, քան իրականում եղել են»։

Օհանյանը զարմացած չէր լրագրողի դեմ Արտյուշա Կարապետյանի գործողություններից. - «Եթե մեր օրենսդիր մարմնում կարող են այդպիսի ոտնձգություններ լինել, բնականաբար ինչ-որ մի համայնքի ղեկավար իրեն կարող է իրավունք վերապահել լրագրողի նկատմամբ նման կերպ վերաբերվել։ Իրենք ի վերջո նաև սնվում են այդ դեպքերից, այդ միջադեպերից։ «Շմայսների», «Թոխմախի Մհերների» օրինակը շատ գայթակղիչ է իրենց համար», - նշեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը համոզված էր․ - «Քրեական գործ չի հարուցվել և չի էլ հարուցվի»։

Վկայակոչելով «Հրապարակ» օրաթերթի և «Իլուր»-ի դեմ սկսված դատական գործընթացը՝ իրավապաշտպանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Գլխավոր դատախազությունն ինքն է անում հնարավորը լրատվամիջոցներին ճնշելու համար, ինչո՞ւ պետք է փորձի պաշտպանել լրագրողների իրավունքները։