Առևտրի ոլորտում փոքր ու միջին բիզնեսով զբաղվողները նախընտրում են հարկվել 3.5 տոկոսով, միայն թե զերծ մնան փաստաթղթավորումից։ Ձեռնարկատերերը շարունակում են պնդել, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունը, որով մինչև 58 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար շուրջ երեք անգամ նվազեցվում է շրջանառության հարկը, ի վնաս իրենց է։
Նոր օրենքը պահանջում է, որ ձեռներեցները փաստաթղթավորեն իրենց ապրանքը։ Մինդեռ, առևտրով զբաղվողներն ասում են, որ խոշոր ներկրողներից ապրանք գնելիս, իրենց փաստաթուղթ չեն տալիս: Օրենքից դժգոհ են հիմնականում տոնավաճառներում առևտրով զբաղվածները։
«Բոլորն էլ գիտեն, որ սա թատրոն է, ձևական բան է: Իրենք մեզնից լավ գիտեն, թե ով է խոշորը, ով է ֆուրերով բերում, ով է ընդամենը մի պայուսակ բերում: Մի բան, որ շուկա է, ոնց կարա ֆակտուրա տա», - «Ազատության» հետ զրույցում ասացին առևտրականները:
Նրանք վստահ են, որ կառավարությունը չի կարողանում հարցերը լուծել խոշորի հետ և փորձում է դա անել փոքր ու միջին բիզնեսի միջոցով։
«Էդ փաստաթուղթը իրենք պետք է պահանջեն էն մեծ ներկրողներից: Էդ իրենց գործը, որ պիտի վերևներում անեն, թողել են մեր վրա, բայց մենք էդքան ուժ չունենք, որ մենք պահանջենք էն, ինչը իրենք չեն կարողացել մինչև այսօր պահանջել էդ մեծ գործարարներից», - ասաց մեկ ուրիշ առևտրով զբաղվող:
Արթուրը 1 տարի է, ինչ զբաղվում է տեքստիլ արտադրանքի վաճառքով: Օրենսդրական փոփոխությունից խիստ մտահոգված է, քանի որ խնդիր ունի և՛ փաստաթուղթ ձեռք բերելու, և՛ տրամադրելու հարցում։
«Իմ գործունեության մեջ օգտագործվում են որոշ մատերիալներ, որոնք, օրինակ, գնվում են սարում եզդիներից: Ինքը հո չի կարող սարում իր ԱՁ-ի կնիքը հանի ու թուղթ կնիքի», - նշեց Արթուրը:
Առևտրով զբաղվող փոքր ու միջին ձեռնարկատերերը կարծում են, որ շատ դեպքերում իրենց չի հաջողվելու փաստաթուղթ ստանալ, արդյունքում հայտնվելու են տուգանքի սպառնալիքի տակ:
Փոփոխված օրենքով հարկայինի ստուգումների արդյունքում հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը առաջին անգամ խախտում արձանագրելու դեպքում նախատեսվում է նախազգուշացում, երկրորդ անգամ՝ տուգանք 20 հազար դրամի չափով, իսկ երրորդ անգամ արդեն տնտեսվարողը կտուգանվի շրջանառության հարկի 5 տոկոսի չափով։
Այսօր Երևանի երեք տոնավաճառներում էլ վստահեցում էին, որ այս պայմանների դեպքում ստիպված կլինեն դադարեցնել բիզնեսը: Վաղն այս հարցով ձեռներեցները կրկին պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել կառավարության շենքի առջև։