Ամերիկյան հարվածներ «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին Սիրիայում

Your browser doesn’t support HTML5

Ասադի վարչակազմը հայտարարում է, որ տեղյակ է եղել նախատեսվող հարվածների մասին:

14 ավիացոն հարված և թվով 47 հրթիռակոծություն մի քանի ժամում․ սա է անցած գիշեր ամերիկյան օդուժի, ինչպես նաև արաբական մի շարք պետությունների` Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի համատեղ գիշերային հարձակման գլխավոր արդյունքը:

Օդային հարվածների հիմնական թիրախները «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դիրքերն էին Սիրիայի հյուսիսում` Դեյր Էզ Զորում և Ռաքքայում:

Հարձակումից մի քանի ժամ անց արդեն համացանցում հայտնվեցին օդային հարվածների առաջին տեսագրությունները: Դրանցից դատելով՝ ամերիկացիների կողմից մի քանի շաբաթում ստեղծված միջազգային կոալիցիան որոշել է լրջորեն թուլացնել «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերը` հատկապես Սիրիայի քրդաբնակ շրջանների դեմ խմբավորման նախաձեռնած վերջին լայնածավալ հարձակման ֆոնին:

Այսօր առավոտյան արդեն Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը, ամփոփելով օդային հարվածների առաջին փուլի արդյունքները, հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված է․ - «Անցած գիշեր իրականացված օդային հարվածների արդյունքում վնասվել են կամ ամբողջությամբ ոչնչացվել «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորմանն առնչվող մի շարք թիրախներ` այդ թվում հրամանատարական կետեր, մարզման համար նախատեսված ճամբարներ, ֆինանսական կենտրոնն ու մի շարք տրանսպորտային միջոցներ»:

Պենտագոնը նաև տեղեկացնում է, որ անցած գիշեր ամերիկացիները չեն սահմանափակվել միայն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հարվածներով: Հրթիռակոծվել են նաև Հալեպի մերձակա շրջանները: «Գիշերային հարձակումից զատ իրականացված ութ առանձին հարվածների թիրախը «Ալ-Ղաիդա»-ի կազմում գործող Խորասանի խմբավորումն էր», - նշում են Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը այսօր հարկ է համարել հանդես գալ հատուկ հայտարարությամբ` նշելով, որ Սիրիայում գիշերը մեկնարկած ռազմական օպերացիայի հետ դաշինքը որևէ առնչություն չունի: «Սա Միացյալ Նահանգների և դաշնակից արաբական պետությունների համատեղ գործողությունն է», - նշում են Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում:

Անցած գիշեր իսլամիստ զինյալների դեմ իրականացված ավիացիոն հարվածների մեկ այլ առանձնահատկությունը պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումն է: Բաշար Ասադի վարչակազմը վերջին ամիսներին բազմիցս հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայի տարածքում ցանկացած գործողության համար պետք է պաշտոնական թույլտվություն ստանա Դամասկոսից: Վաշինգտոնը, իհարկե, իսլամիստների` Սիրիայի տարածքում գտնվող բազաների ռմբակոծության համար թույլտվության խնդրանքով Դամասկոսին չդիմեց, բայցևայնպես Ասադի կառավարությունը, պարզվում է, տեղյակ է եղել առաջիկա հարվածների մասին:

«Սիրիայի արտաքին գործերի նախարարն իր ամերիկացի պաշտոնակցից Իրաքի արտգործնախարարի միջոցով նամակ է ստացել, որով ամերիկյան կողմը տեղեկացնում էր «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» զինյալների դեմ օդային հարվածների մասին: Այդ նամակը Դամասկոսում ստացել են օդային հարվածների մեկնարկից ժամեր առաջ», - նշված է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն այսօր առավոտյան ընթերցվեց երկրի պետական հեռուստատեսության եթերում: