Փոփոխությունները պետք է ուղեկցվեն հասարակական շահագրգիռ քննարկումներով։ Պետք է հստակ լինի՝ այն փոփոխությունները, որոնք իրականացվում են, վայելում են հասարակության աջակացությունը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ընդգծեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչ է մտածում Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին։
Նշենք, որ ոչ իշխանական երեք ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները մերժում են նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները՝ վստահեցնելով, որ դրանց միջոցով Սարգսյանն ու Հանրապետականը ընդամենը ցանկանում են վերարտադրվել։
Ի պատասխան հարցի՝ ի՞նչ կարծիք ունի այս գործընթացի և ոչ իշխանական ուժերի հնչեցրած մտահոգությունների մասին, Քեթի Լիչն ասաց, թե այս պահին դժվարանում է կոնկրետ պատասխան տալ՝ հույս հայտնելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը կուղեկցվի հանրային քննարկումներով։
Նկատենք, որ Մեծ Բրիտանիան Սահմանադրություն չունի, և դա չի խանգարում, որպեսզի Միացյալ Թագավորությունում մեծ հաջողությամբ գործեն ժողովրդավարական ինստիտուտները. վառ ապացույցը Շոտլանդիային ընձեռված հանրաքվեի հնարավորությունն էր:
Մեծ Բրիտանիայի դեսպանը նկատեց, թե չունենալով Սահմանադրություն՝ իրենց համար փոքր-ինչ խորթ է սահմանադրական բարեփոխումների մասին խոսելը։
«Բայց, ինչպես ցույց տվեց Շոտլանդիայի հանրաքվեն, իրավական շրջանակը պետք է ձևավորվի համընդհանուր քաղաքական համաձայնությունների արդյունքում», - ասաց Քեթի Լիչը։
Հարցին, թե կարո՞ղ է Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը պատասխանեց, թե յուրաքանչյուր դեպք տարբեր է։
«Դժվար է ընդհանուր դասեր քաղել այս հանրաքվեից, քանի որ յուրաքանչյուր դեպքում տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները որոշակիորեն հակասում են միմյանց։ Մենք կարողացանք Շոտլանդիայում հանրաքվե անցկացնել, քանի որ հասկանում էինք՝ բոլոր կողմերը պատրաստ են անվերապահ ընդունել արդյունքները, ինչպիսի ելք էլ դրանք ունենային։ Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիային, ապա այնտեղ հանրաքվեի հարց դեռևս դրված չէ, սակայն 1998 թվականին կնքված «Ավագ ուրբաթի» համաձայնագիրը թույլ է տալիս Հյուսիսային Իռլանդիայի ժողովրդին անցկացնել հանրաքվե, եթե մի օր նման ցանկություն լինի: Այս պահին, սակայն, Հյուսիսային Իռլանդիայում ապրող երկու համայնքները ունեն հակասական մոտեցումներ այս հարցի շուրջ։ Բոլոր կողմերն էլ հասկանում են, որ խաղաղության և հաշտեցման երկարատև գործընթաց է անհրաժեշտ, մինչև որ բոլորն էլ պատրաստ լինեն ընդունել հանրաքվեի արդյուքները», - պարզաբանեց Քեթի Լիչը՝ կրկին շեշտելով, որ յուրաքանչյուր դեպք պետք է յուրովի դիտարկվի:
Ի պատասխան «Ազատության» հարցի՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունի Մեծ Բրիտանիան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ զինտեխնիկա վաճառելու իրողության շուրջ, և արդյոք հնարավո՞ր է հակամարտության կողմերից մեկին պարբերաբար զինել ու միաժամանակ խաղաղարար միջնորդի դեր ստանձնել, դեսպանն այսպես արձագանքեց․ - «Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք Ռուսաստանի դեսպանությանը, ես կարող եմ միայն ասել, որ գոյություն ունի ԵԱՀԿ սպառազինությունների արգելանքը, որը Մեծ Բրիտանիան և նրա գործընկերները հարգում են»: