Բորդյուժա․ Արևմուտքը կարող է փորձել ապակայունացնել իրավիճակը ՀԱՊԿ երկրներում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ժամանակ մտահոգություն հայտնեց, որ Արևմուտքը կարող է փորձել քարոզչամիջոցներով ապակայունացնել իրավիճակը ՀԱՊԿ անդամ երկրներում:

«Քարոզչական պատերազմն արդեն ընթանում է Ռուսաստանի նկատմամբ», - ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ Արևմուտքը կարող է խոչընդոտել Հայաստանի ու Ղազախստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։

Հետխորհրդային տարածքում գործող ռազմական դաշինքի ղեկավարը քննադատեց նաև արևմտյան գործընկերներին Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու համար՝ պնդելով, թե դա սադրանք է, որն ավելի է սրում իրավիճակն այդ տարածաշրջանում։

«Ես կարծում եմ, որ քաղաքացիական պատերազմի շեմին կանգնած պետության տարածքում, որտեղ դեռևս կրակը դադարեցված չէ, զորավարժություն անցկացնելը ոչ այլ ինչ է, քան դրդել այդ պետությանը կամ կողմերից մեկին ինչ-որ ակտիվ գործողությունների։ Դա նման է, երբ իրար դեմ դուրս եկած երկու մարդկանցից մեկի ձեռքին երրորդը դանակ է դնում»։

Աստանայի լրագրողին հետաքրքրեց՝ եթե ՀԱՊԿ-ը խաղաղապահ առաքելություն իրականացնի Ուկրաինայում, անդամ բոլոր երկրները կներգրավվե՞ն այդ առաքելության կազմում։

«Նման որոշում չի քննարկվել», - պատասխանեց Բորդյուժան, միաժամանակ ընդգծելով՝ համաձայնագրերով կառույցի ուժերը կարող են առաքելություն իրականացնել և՛ անդամ երկրներում, և՛ դրանց տարածքներից դուրս, այդ թվում՝ Ուկրաինայում:

«Երբ նման որոշում ընդունվի, այդ ժամանակ էլ կհստակեցվի խմբի կազմը, թե ովքեր կմասնակցեն՝ այս պահին դժվար է ասել», - հավելեց նա։

Ուկրաինայի հարցում Արևմուտքի հետ տարաձայնությունների պատճառով Ռուսաստանի վրա դրված զենքի վաճառքի արգելքը, ըստ Բորդյուժայի, որևէ կերպ չի անդրադառնա ՀԱՊԿ անդամներին ռազմատեխնիկական միջոցներով ապահովելու վրա. - «ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետություն անհրաժեշտության դեպքում կարող է ցանկացած երկրից ռազմատեխնիկա գնել»։