«Վստահություն» հասարակակական կազմակերպությունը ներկայացնող մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին ծննդատներում ու հիվանդանոցներում արհեստական կաթնախառնուրդների խրախուսումը մեծ տարածում է գտել: Իրենք, ամեն դեպքում, բազմաթիվ բողոքներ են ստացել մայրերից:
Հարությունյանը համոզված է, որ պատճառը առևտրային շահն է․ - «Կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները շատ հակված են «համագործակցելու» բժիշկների հետ: Կաթնախառնուրդների բիզնեսը աշխարհում հայտնի արդյունավետ բիզնեսներից է, որովհետև կաթնախառնուրդի հումքը շատ էժան է, սակայն կաթնախառնուրդը բավականին թանկ է մեկ երեխային մինչև մեկ տարեկանը բավարարելու համար: Միջինը երկու հազար դոլարին համարժեք դրամ է անհրաժեշտ»:
Նրա խոսքով՝ կաթնախառնուրդ ներկրողները գնում են տարբեր հնարքների․ մեկ-երկու բաժին կաթնախառնուրդն անվճար տրամադրելուց մինչև բժիշկներին «խրախուսելը», որպեսզի վերջիններս հենց այդ տեսակը նշանակեն երեխաներին: Արդյունքում ներմուծողները մեծ շահույթ են ստանում, իսկ երեխաները տուժում են․ - «Մինչև վեց տարեկան արհեստականորեն սնվող երեխաների մահված հավանակությունը 14 անգամ ավելի մեծ է, քան բացառապես կրծքով սնվողներինը»:
«Ազատության» հետ զրույցում ասաց ներկայանալ չցանկացած երիտասարդ մի կին պատմեց․ - «Առաջին կերակրումից հետո ինձ հասկացրեցին, որ կաթը քիչ է, իմ բալիկին չի բավականացնի, որ ինքը կհիվանդանա․․․ ու այնպես համոզիչ, որ նոր ծննդաբերած ցանկացած մայր կազդվի: Ես, անփորձ լինելով, չմտածելով, որ դրա հետևում մի մեծ բան է թաքնված, տվեցի ու շատ սխալ արեցի: Քանի որ դրանից չորս ամիս հետո իմ բալիկը կրծքի կաթ այլևս չէր ուտում»:
Երիտասարդ կնոջ պնդմամբ՝ ծննդատունը համագործակցում է կաթնախառնուրդ ներկրող ընկերության հետ․ - «Նույն այդ աղջիկը, որ ինձանից մի օր առաջ էր ծննդաբերել, նույն ապրանքանիշի, նույն արհեստական կերն էր տալիս իր բալիկին, քանի որ բուժանձնակազմը ասել էր, որ դա պարտադիր է»:
Խնդրին ծանոթ են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Օմբուդսմենի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ բողոքներն ավելի հաճախակի են դարձել հատկապես վերջին տարիներին:
«Մանկական բժիշկը հատկապես դուրս է գրում երեխաների այն կերակուրները, որոնք ներմուծում է որոշ ընկերություն: Հետագայում պարզվում է, որ նրանք համաձայնության մեջ են եկել, և ուղղակի այդ բժիշկը կարող է գովազդել կոնկրետ այդ ներմուծող ընկերությունը», - նշեց Խաչատրյանը:
Արհեստական կաթնախառնուրդները գովազդողների և խրախուսողների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող «Կրծքով սնուցումը խրախուսելու մասին» օրենքը Ազգային ժողովում հաստատվել է առաջին և երկրորդ ընթերցումներով, սակայն երրորդ՝ վերջնական ընթերցմանը չի հասնում:
Սուսաննա Հարությունյանը համոզված է, թե ձգձգման պատճառն այն է, որ օրինագիծը հակասում է որոշ գործարար պատգամավորների շահերին:
Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ միայն վերջերս՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետ հանդիպման ժամանակ են լսել խնդրի մասին, և նախատեսում են քննարկել հարցը: