Փորձագետները համամիտ չեն նախագահ Սարգսյանի պնդումներին

Հայաստանի փորձագետները համամիտ չեն նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը և պնդում են, թե Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելով՝ Հայաստանը ոչ միայն անկախության կորուստ է ունենալու, այլև չի շահելու ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ անվտանգության տեսանկյունից:

Նախագահը Սարգսյանը երեկ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ իր ելույթում հակադարձելով ընդդիմախոսներին՝ հայտարարել էր․ - «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են»:

Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Հայաստանի տնտեսական օգուտներին՝ պնդելով, թե հայաստանյան ապրանքների առջև բացվելու է հսկայական մի շուկա, որտեղ ամրապնդվելը կախված կլինի հայկական կողմի աշխատելու հմտությունից․ - «Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ»:

Միջազգային փորձագետ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, մինչդեռ, հակադարձում է, թե Հայաստանը «միանշանակ զիջում է իր անկախությունը՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը»: Սակայն հարցը հետևյալն է՝ ի՞նչ է տալու այդ միությունը, որի դիմաց Հայաստանը պատրաստ կլիներ «որոշ չափով զիջել իր անկախությունը»: Իրականում ո՛չ տնտեսական, ո՛չ էլ անվտանգության տեսանկյունից Հայաստանը, ըստ փորձագետի, ոչինչ չի ստանում:

Իգիթյանը նշեց, որ արդեն իսկ միջազգային տնտեսական պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան այն ընկերությունները, որոնք ներկայացված են Հայաստանում և հրաժարվում են ներդրումային ծրագրերից․ - «Այդ պատժամիջոցները, որոնք արդեն կան Ռուսաստանի հանդեպ, արդեն վտանգավոր են, արդեն իրենց արդյունք ունեն Հայաստանում: Նաև անվտանգության տեսանկյունից այդ հարցը ես բարձրացնում եմ․ ահա ե՛ս եմ հակադարձում և՛ Սերժ Սարգսյանին, և՛ այն բոլոր իր կուսակիցներին, որոնք ասում են, որ սրանով մենք լուծում ենք մեր անվտանգության հարցը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի: 21-րդ դարում անկյունում շշուկով 5 րոպե ինչ-որ բան խոսելը Պուտինի հետ չի կարող հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի համար երաշխիք: Որովհետև փաստաթղթերի մեջ, պայմանագրով մենք որևէ բան չենք տեսնում: Մեզ ուղղակի ասել են որոշ քաղաքական գործիչներ՝ գիտեք, եթե դա չանեինք, ապա Լեռնային Ղարաբաղը կգցեին Ուկրաինայի օրը։ Լավ, ո՞ւր է այդ երաշխիքը․ միայն Պուտինի տրամադրությո՞նը այդ պահին»:

Այն, որ իրականում Հայաստանը կորցնում է իր անկախությունը և մանևրելու հնարավորությունը, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի համոզմամբ, գիտակցում է նաև Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ի տարբերություն միության անդամ Ղազախստանի, որը կարողանում է պաշտպանել իր երկրի շահերը, Հայաստանը Ռուսաստանի ճնշումներին պատասխանելու հնարավորություններ չունի: Դա է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ինչ-որ ձևով հակակշիռներ գտնել: Այս առումով փորձագետը հատկանշական է համարում ՆԱՏՈ-ի գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցության փաստը:

«Չնայած տոնական հայտարարություններին՝ մեր իշխանությունները շատ լավ գիտակցում են այդ վտանգները և փորձում են գոնե այն փոքր այլընտրանքի հնարավորությունները, որոնք դեռ կան, օգտագործել: Եթե այդ սիմվոլիկ քայլերը չլինեին, մենք միգուցե կհամարեինք, որ իրոք մտավախություն չկա: Բայց եթե գնում ենք սիմվոլիկ քայլերի, այն էլ որոշ չափով՝ ռիսկային, այսինքն՝ մասնակցությունը ՆԱՏՈ-ի գագաթնաժողովին, որտեղ Ռուսաստանը չի մասնակցում, և որտեղ ընդունվում է Ռուսաստանի համար ոչ բարենպաստ փաստաթուղթ», - նշեց Նավասարդյանը:

Այս հարցում փորձագետների հետ համամիտ է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջնյանը: Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը երեկվա իր ելույթով ընդամենը ցանկանում էր մոլորեցնել հասարակությանը՝ փորձելով համոզել, թե ԵՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից․ - «Ակնհայտ է, որ բոլորը հասկանում են, որ տվյալ պարագայում մենք օգուտներ չենք ստանալու, մեզ համար սա օգտակար գործընթաց չէ, այլ վնասաբեր գործընթաց է: Եվ նա փորձում է խաբեբայության միջոցով, սուտ խոսելու միջոցով այդ բացը լրացնել: Բայց, միևնույն է, բոլորը հասկանում են, և իրեն դա չի հաջողվելու»:

Բորիս Նավասարդյանի կարծիքով, իրականում անդամակցության օգուտների և վնասների շուրջ բանավեճը այլևս որևէ ազդեցությունն ունենալ չի կարող: Հայաստանը պատրաստ է ստորագրել անդամակցության համաձայնագիրը, և եթե դա հոկտմբերի 10-ին տեղի չունենա, պատճառը Հայաստանը չի լինելու: Այս դեպքում խնդիրներ կարող է հարուցել Ղազախստանը․ - «Ղազախստանը ամեն դեպքում փորձելու է գոնե հետաձգման եղականով հոկտեմբերի 10-ին չստորագրել այդ համաձայնագիրը: Պարզ է, որ այս օրերին որոշակի ճնշումներ են լինելու Ղազախստանի ղեկավարության վրա: Թե ինչպիսի արդյունքներ դա կտա՝ կտեսնենք»: