Արևմտյան պատժամիջոցների ֆոնին «ԵՏՄ գնալու ոգևորությունը տարօրինակ է»

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի ցույց Երևանում, սեպտեմբեր, 2014թ․

Այս օրերին, երբ Ռուսաստանը ամբողջ աշխարհի պատժամիջոցների թիրախ է դարձել, Հայաստանի իշխանությունները պետք է ավելի զգուշավոր լինեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ հայտարարություններ անելիս: «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Բրյուսելում գործող «Եվրոպական գործարար ընկերակցության» փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրած տոնական ընդունելության ժամանակ Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը տեսանելի ապագայում պատրաստվում է դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, ապա շարունակել․ - «Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: [...] Մեր ապրանքների առջև բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից»: Նախագահը հայտարարել է նաև, որ անդամակցությունը ԵՏՄ-ին որևէ կերպ չի սպառնում Հայաստանի անկախությանը:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նույն օրը հայտարարել է, որ Եվրասիական բարձրագույն խորհրդի կողմից որոշում է կայացվել ստորագրման ներկայացնել ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ փաստաթուղթը: Նախարարն ավելացրել է, որ շուտով դա կիրականացվի, քանզի Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված էր երկրի տնտեսական և ռազմավարական շահերով։

Միջազգայնագետ Իգիթյանին այս ոգևորությունն առնվազն տարօրինակ է թվում:

«Այս իրավիճակում, միանշանակ, Հայաստանի Եվրասիական միություն գնալը, այն էլ՝ ոգևորությամբ, մի քիչ տարօրինակ է թվում: Բոլոր դեպքերում, բարձրաստիճան քաղաքական, պետական գործիչները այդպիսի հայտարարություններ անելու ժամանակ պետք է գոնե մտահոգություններ հայտնեն և պատասխանեն այն հարցերին, որոնք քաղաքական գործիչների մոտ և նաև հասարակության մեջ կան», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը՝ շարունակելով․ - «Ինչպե՞ս է լուծվել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի այդ մաքսակետի հարցը, որը բազմիցս բարձրացվում է, ինչպե՞ս է լուծվել այն 900 ապրանքատեսակների՝ որպես բացառություն մաքսատուրք ունենալու հարցը, ինչպե՞ս Հայաստանը կկարողանա խուսափել այս բոլոր պատժամիջոցներից, հատկապես կապված այն ռուսական ընկերությունների հետ, որոնք բիզնես ունեն Հայաստանում և ներդրում են պատրաստվում անել»:

Հայաստանում ներկայացուցչություն ունեցող ռուսական շատ հայտնի կազմակերպություններ, այդ թվում՝ բանկեր, արդեն իսկ գտնվում են Արևմուտքի «սև ցուցակում»: Հայտնի չէ, թե ինչ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ:

Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Իգիթյանը կարծում է, որ իշխանությունները հրապարակավ հայտարարություններ անելու փոխարեն առաջին հերթին պետք է անհանգստանան, թե ինչ ազդեցություն կունենան այդ պատժամիջոցները այն երկրների վրա, որոնք տնտեսապես և քաղաքականապես կապված են Ռուսաստանից, և յուրաքանչյուր փաստաթուղթ ստորագրելիս Հայաստանը չպետք է կորցնի իր ինքնուրույնությունը:

«Այդ համաձայնագրում միշտ էլ կարելի է ունենալ որոշ բացառություններ կամ լրացուցիչ կետեր, որոնք թույլ կտան Հայաստանին ավելի ինքնուրույն լինել որոշ հարցերում, մասնավորապես՝ մաքսատուրքերի հետ կապված կամ Եվրասիական միության ոչ անդամ երկրների հետ երկկողմանի հարաբերություններ ունենալու հնարավորությունը», - նշեց Հովհաննես Իգիթյանը:

Ցանկացած ինտեգրացիոն գործընթացին մասնակցելիս երկրները տնտեսությունը զարգացնելու ակնկալիքներ ունեն: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պատկերացնում է, թե ինչ տիպի ներդրումներ կունենար Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելիս, և ենթադրում է, թե ինչ խոստումներ են տվել Հայաստանին՝ ԵՏՄ-ին անդամակցելու համար: Սակայն վերջին մեկ տարում Ռուսաստանի համար իրավիճակ է փոխվել:

«Կարելի է ակնկալել, որ գոնե որոշ ոլորտներում, որոշ խոշոր պետական կորպորացիաներից, օրինակ՝ «Ռոսնեֆտ»-ից, Հայաստանը կարող էր ունենալ ներդրումների հույսեր, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այն ընկերությունները, որոնց վրա մենք կարող էինք հույս ունենալ, այսօր շատ բարդ իրավիճակում են պատժամիջոցների արդյունքում և ոչ միայն Հայաստանին օգնելու հնարավորություն չունեն, այլև կփորձեն հնարավորինս Հայաստանից տանել ռեսուրսները: Դա, իհարկե, շատ վատ հեռանկար է մեր տնտեսության համար», - նշեց Նավասարդյանը: