Աճել է զինվորական քրեական հանցագործությունների թիվը

Министр обороны Армении Сейран Оганян встречается с пограничниками, 2012 г․

ՊՆ պաշտոնյան բացառում է, որ բանակում առկա տղայական հարաբերությունները ազդում են զինվորական գործերի քննության վրա:

2008-2013 թվականներին շարունակաբար աճել է զինվորական քրեական հանցագործությունների թիվը, առանձին հանցագործությունների դեպքում՝ մոտ մեկուկես անգամ: Այս տվյալները արձանագրված են այսօր Երևանում հրապարակված զեկույցում՝ նվիրված բանակում կարգապահական խնդիրներին:

Միաժամանակ զեկույցի հեղինակները փաստում են, որ փոխարենը, վերջին հինգ տարիներին զինված ուժերում նվազել է կարգապահական տույժերի թիվը: Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտեց ուսումնասիրությունն իրականացրած «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ղեկավար Հայկուհի Հարությունյանը, դեպքերի ճնշող մեծամասնությունում մեղքի առյուծի բաժինն ունեն զորամասերի սպաները:

«Սպայական ինստիտուտը ավելի շատ իրեն կայացնում է ոչ թե զինվորական գործում մասնագիտացվածության հաշվին, այլ տղայական կանոններով: Տարիքային տարբերությունների, նմանատիպ մտածելակերպի արդյունքում ստացվում է, որ սպաներն ամեն ինչ անում են տղայական կանոններով հարցեր լուծել, արդյունքում ստացվում է, որ հենց իրենք դառնում են դրա տարածողը», - ասաց Հարությունյանը:

Առանց անուններ տալու՝ զեկույցը մեջբերում է զինվորների խոսքից․ - «Ամենամեծ անարդարությունը բանակում այն է, որ հավասարություն չկա: Այսինքն՝ մեկին լավ են վերաբերում, մյուսին` վատ: Մեկը կարող է շարքից ուշանա, բանի տեղ չդնեն, բան չասեն, մյուսին՝ գուբախ ուղարկեն»:

Մեկ այլ զինծռայող բնորոշել է․ - «Բոլորը նույն ֆորմեն են հագնում, բայց մարդիկ տարբեր են: Ծանոթ, լավ, դուխով, համեստ, խելոք տղա, հարիֆ․․․»:

«Խախտումները ներելի են բոլոր նրանց համար, ովքեր ծառայության և հրամանատարական կազմի նկատմամբ դրսևորել են այլ վերաբերմունք: Նույնիսկ, եթե կարելի է իրենց լեզվով ասել, իրենք ճանաչվել են «լավ տղա», հետևաբար նրանք չեն կարող արժանանալ նույն վերաբերմունքին», - նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ ղեկավարը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զինծառայողների հարցերով իրավապաշտպան Արմեն Գրիգորյանն ասում է, որ օմբուդսմենը ևս զինվորներից ամենից հաճախ խտրական վերաբերմունքի մասին բողոքներ է ստանում:

Ուսումնասիրության հեղինակների գնահատմամբ՝ տղայական ներքին կանոնադրությունը թույլ չի տալիս, որ զինվորները բողոքեն, առավելևս՝ ցուցմունք տան: Նրանց զորամասում կմեկուսացնեն, կճնշեն: Հայկուհի Հարությունյանն ասում է, որ այս պատկերը լրացնում են դատարանները՝ որպես կանոն հաստատելով դատախազությունից ստացված մեղադրականները:

«Զինդատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացությունը փաստացի ստանում է մեղադրական դատավճռի տեսք: 204 ամբաստանյալից 200-ի նկատմամբ անխտիր կիրառվել է քրեական պատիժ», - ընդգծեց Հարությունյանը:

Զեկույցի շնորհանդեսին մասնակցում էր Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի տեղակալ Պերճ Այվազյանը: Գնդապետը «Ազատության» հետ զրույցում կտրականապես բացառեց, որ այս հարաբերությունները կամ իշխանությունների ճնշումը ազդում են նաև գործերի քննության վրա․ - «Նմանատիպ բան չկա: Միայն օրենքի գերակայություն է գործում: Քննչական ծառայության բոլոր աշխատակիցները ղեկավարվում են միայն օրենքի պահանջներով»:

Դիտարկմանը, թե այդ գնահատականը տալիս են նաև հասարակական կազմակերպությունները՝ քննչական ծառայությանն, օրինակ, մեղադրելով կողմնակալության, գործերը պարտակելու մեջ, Պերճ Այվազյանը կրկնեց, որ օրենքը միատեսակ է գործում բոլորի համար՝ «համենայնդեպս, քննչական ծառայությունը որևէ տարբերություն չի դրել»:

Գնդապետը վստահեցրեց, որ նույնը կարելի է ասել նաև ինքնասպանություն որակված բազմաթիվ դեպքերի պարագայում: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են տասնյակ որդեկորույս մայրեր տարիներ շարունակ կառավարության առջև արդարադատություն պահանջում, Այվազյանն արձագանքեց․ - «Նույն հարցն եք տալիս նորից: Մեր գերատեսչության վատ աշխատանքի մասին որտե՞ղ եք տեսել: Եթե ինքնասպանություն է տեղի ունեցել, մի քանի անձ էլ դատապարվել են էդ գործով նրանց հետ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների համար, բայց անձը ինքնասպանություն է գործել: Էդտեղ էլ մենք ի՞նչ պիտի անենք, որ չենք անում»: