Պետրո Պորոշենկոն գտնվում է Վաշինգտոնում

ԱՄՆ - Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 18-ը սեպտեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգները նյութական աջակցություն է տրամադրում Ուկրաինային։

Ռուսաստանի նախագահին հասցեագրված ուղերձ

Ժամեր առաջ Վաշինգտոնում կայացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել է Ղրիմում և Ուկրաինայի արևելքում ագրեսիայի համար՝ ավելացնելով, որ շարունակելու է դիվանագիտական լուծումներ փնտրել Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելու համար:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Օբամային անչափ մեծ աջակցության համար: Ավելի ուշ հանդիպումից մանրամասներ հաղորդելով նա ասել է, որ հաջորդ շաբաթ ակնկալում են ամերիկացի պաշտոնյաների այցը Ուկրաինա՝ երկրի էներգետիկ իրավիճակը քննարկելու և ձմռանը նախապատրաստման համար:

Նախօրեին Բարաք Օբաման շնորհավորել էր Ուկրաինային Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացման կապակցությամբ և ասել, որ Սպիտակ տանը նախատեսված իր ու Պորոշենկոյի հանդիպումը հատուկ ուղերձ է Ռուսաստանի նախագահին:

Երեկ Ուկրաինայի ղեկավարը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստում։

«Երբ աշխարհը տեսավ, որ ոչ ոք չի կարող Ուկրաինայից ազատությունը խլել, արտաքին ագրեսորը որոշեց խլել Ուկրաինայի տարածքի մի մասը։ Ղրիմի բռնակցումն արդիական պատմության ցինիկ դավաճանություններից մեկն է», - ասել է Պորոշենկոն։

Կիևը ցանկանում է ստանալ «հատուկ կարգավիճակ»

Նա հայտարարել է, որ իր երկիրը ոչ մի պարագայում, ոչ մի հանգամանքում և ոչ մի առաջարկի դիմաց չի մերվի Ղրիմի կորստի հետ։ Պորոշենկոն Կոնգրեսին կոչ է արել Ուկրաինան չթողնել մեն-մենակ ռուսական ագրեսիայի դեմ։

Պորոշենկոն ամերիկացի օրենսդիրներին հորդորել է «հաստատել ՆԱՏՕ-ի կազմից դուրս Ուկրաինայի հատուկ կարգավիճակն անվտանգության հարցում»։

Ուկրաինայի նախագահը խնդրել է ամերիկացիներին ստեղծել հատուկ հիմնադրամ, որը պետք է աջակցի Ուկրաինայում ներդրումներ իրականացնող ամերիկյան ընկերություններին և օգնի տնտեսական ու դատական համակարգերի բարեփոխումներին։

Պորոշենկոն հավաստիացրել է, որ Արևմուտքի օգնությունը տնօրինելու է «կոռուպցիայից զերծ պաշտոնյաների սերունդը»։

Միացյալ Նահանգները երեկ խոստացել է Ուկրաինային տրամադրել 53 միլիոն դոլարի հասնող օգնություն, այդ թվում հրետանու դեմ պայքարելու համար անհրաժեշտ ռադարներ։

Բանագնացները վերստին հավաքվում են Մինսկում

Այսօր կարևոր մեկ այլ իրադարձություն նախատեսված է Բելառուսում։ Այդ երկրի արտաքին գործոց նախարարության փոխանցմամբ՝ Մինսկում տեղի կունենա Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի և Ուկրաինայի արևելյան շրջանների ռուս անջատականների ներկայացուցիչների հերթական հանդիպումը։

Ենթադրվում է, որ անջատականների անունից բանակցելու է Դոնեցկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը։

Կիևի տեսակետը ներկայացնելու է նախկին նախագահ Լեոնիդ Կուչման։

Հակամարտող կողմերը սեպտեմբերի 5-ին կնքել են հրադադար, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է։ Հինգ ամիս տևող բախումների ընթացքում արդեն սպանվել է ավելի քան երեք հազար մարդ։