Շոտլանդիայում անկախության հանրաքվե է անցկացվում

Միացյալ Թագավորություն - Շոտլանդիայի անկախության հանրաքվեի քվեարկությունը Էդինբուրգի ընտրատեղամասերից մեկում, 18-ը սեպտեմբերի, 2014թ․

«Այո» ասելու դեպքում Շոտլանդիան անկախ պետություն կհռչակվի 2016-ի մարտի 24-ին՝ վերջ տալով 307-ամյա միասնությանը և խթանելով աշխարհի տարբեր մասերում առկա անջատական ձգտումները:

Շոտլանդիայում սկսվել է անկախության հանրաքվեն: Քվաթերթիկում մեկ հարց է՝ արդյո՞ք Շոտլանդիան պետք է անկախ պետություն լինի․ մեկ հարց, մեկ ընտրությոն՝ «այո» կամ «ոչ»:

Այսօր առավոտյան Էդինբուրգի ընտատեղամասերից մեկում քվեարկողները «Ազատություն» ռադիոկայանին ասել են, թե հանուն ինչի են քվեարկել:

«Ես կարծում եմ՝ Շոտլանդիան պետք է անկախ լինի, որովհետև մենք քաղաքականապես շատ տարբեր ենք Մեծ Բրիտանիայից», - ասել է նրանցից մեկը:

Նույն ընտրատեղամասում մեկ այլ ընտրող քվեարկել է անկախության դեմ․ - «Ես քվեարկել եմ բարձրագոչ «ոչ»: Շնորհակալություն, բայց պետք չէ: Անկախությունը ահռելի քայլ է դեպի անհայտություն: Կտրականապես ոչ»:

Քվեարկությունից առաջ վերջին հարցումները ցույց են տալիս, որ շոտլանդացիների 52 տոկոսը գերադասում են մնալ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կազմում, 48 տոկոսը կողմ են անկախությանը: 20 շոտլանդացիներից մեկը, այսինքն՝ 5 տոկոսը, ըստ հարցումների, դեռ չէր կողմնորոշվել:

Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, ով անկախության ձգտող Ազգային կուսակցության առաջնորդն է, քվեարկողներին ասել է, որ նման հնարավորություն կյանքում մեկ անգամ է լինում: Հանրաքվեի նախօրեին բաց նամակով նա քվեարկողներին ասել է, որ իրենց ձեռքերում է Շոտլանդիա պետություն ստեղծելու հարցը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը շոտլանդացիներին ուղղված հերթական ուղերձում նորից կոչ է արել պահպանել 307-ամյա միությունը, զգուշացնելով, որ հակառակ դեպքում Շոտլանդիան այլևս չի կարող նորից վերամիավորվել Մեծ Բրիտանիայի հետ:

Բրիտանիայի առաջնորդները խոստացել են ավելի մեծ լիազորություններ փոխանցել Շոտլանդիայի խորհրդարանին, խոստանալով նաև Լոնդոնից պետական ավելի մեծ ֆինանսավորում հատկացնել, քան մինչ այժմ էր:

Էդինբուրգցի 30-ամյա Մայլով ՄըքԳլոխլին հանրաքվեի նախօրեին ասել է, թե չի հավատում Լոնդոնից հնչող խոստումներին: Նա հայտարարել է․ - «Նրանք հիմա են լիազորություններ առաջարկում, որին դժվար է հավատալ: Երաշխիքներ չկան, որովհետև նրանց կուսակցության մյուս անդամները կարող են ընդդիմանալ, և դա կարող է չանցնել: Դա հիմա իսկապես վստահության հարց է: Նրանք մեզ միայն առաջարկում են, քանի որ խուճապի մեջ են»:

Իսկ 72-ամյա Դեյվիդ Գրանտը գերադասում է մնալ Միության կազմում: «Ես անգլիացի եմ: Շոտլանդիայում ապրում եմ 14 տարեկանից: Ես ընտանիք ունեմ Անգլիայում, ինչպես նաև Շոտլանդիայում: Ես չեմ ցանկանում, որ նրանք անջատվեն սահմանով, գումարած՝ ես չեմ կարծում, որ դա շոտլանդացիների մեծ ցանկությունն է», - ասել է նա:

Անկախությանը «այո» ասելու դեպքում Շոտլանդիան 18-ամսյա բանակցություններից հետո անկախ պետություն կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին՝ այդպիսով վերջ տալով 307-ամյա միասնությանը, ինչպես նաև խթանելով աշխարհի տարբեր մասերում առկա անջատական ձգտումները:

Քվեարկության նախնական պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան սեպտեմբերի 19-ի առավոտյան: