Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել են Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին, ինչպես նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեին՝ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում ադրբեջանցի զինծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և մահվան կապակցությամբ:
Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ի նամակում հեղինակավոր միջազգային կազմակերպություններին խնդրել են ձեռնարկել իրենց կարգավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները, որոնք կնպաստեն Կարեն Պետրոսյանի խոշտանգման, ակնհայտ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև վերջինիս մահվան հանգամանքների պատշաճ քննության իրականացմանը:
Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դիմումում կոչ են անում միջազգային կազմակերպություններին հետևողականություն դրսևորել գործի անաչառ և լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու հարցում: