Անցյալ ամիս «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորումը գլխատեց երկու ամերիկացիների և մեկ բրիտանացու։ Երկու երկրներն էլ մերժեցին նրանց համար փրկագին վճարելու պահանջը։ Ալան Հեննինգին այսօր սպասում է նույն ճակատագիրը։
Հարկավո՞ր է վճարել փրկագին, թե՞ ոչ։ Այսօր նման հարց են տալիս շատերը, երկրների ղեկավարները դա համարում են ծայրահեղականների հետ բանակցելու նշան ու հրաժարվում նման քայլից։ Այս մասին է հայտարարում Ֆրանսիայի արտգործանախարար Լորան Ֆաբիուսը՝ փաստելով, որ Ֆրանսիան փրկագին երբեք չի վճարում։
Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, փաստերն ապացուցում են հակառակը։ Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ այս երկրի կառավարությունը Նիգերիայում 2Օ1Օ թվականին առևանգված ֆրանսիացի չորս քաղաքացիներին ազատ արձակելու համար 34 միլիոն դոլարի փրկագին է վճարել։
Եվրոպայի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Իան Բոնդի խոսքերով, «Ալ-Ղաիդա»-ն այսպիսով հսկայական գումարներ է կորզել եվրոպական երկրներից։
Վերլուծաբաններից Թոմաս Հեգհամմերը նույնպես պնդում է, որ արևմտյան երկրները ժամանակին շատ են վճարել մարդկանց ազատելու համար փրկագին։ Եվ այս առումով, ասում է նա, որևէ երկիր իրեն անմեղ անվանել չի կարող։ Նրա խոսքերով, եվրոպական որոշ երկրներ այժմ ավելի մեծ գումարներ են վճարում։
Բրիտանացի Դեյվիդ Հայնեսին «Իսլամական պետության» զինյալները պատանդառել էին նրա իտալացի գործընկերոջ հետ միասին։ Սակայն վերջինիս նրանք ազատ էին արձակել, և կան լուրեր այն մասին, որ ազատ են արձակել փրկագին ստանալուց հետո։ Այս մասին Իտալիայի կառավարությունը որևէ մեկնաբանությամբ հանդես չի գալիս։
Ամերիկացի Ջեյմս Ֆոլեյի համար ահաբեկիչները 132 միլիոն դոլար էին պահանջել։ Սակայն փրկագին չվճարելու արդյունքում և՛ նա, և՛ ամերիկացի մեկ այլ լրագրող՝ Սթիվըն Սոթլոֆը ենթարկվեցին գլխատման։
Երբ հերթը հասնում է հարվածներ հասցնելուն, բոլորը շրջվում են դեպի ԱՄՆ։ Երբ հերթը հասնում է պատանդներին ազատելուն, ԱՄՆ-ը գերադասում է սկզբունքը ու ահաբեկիչներին չոգեշնչելու հանգամանքը, իսկ մյուսները փրկագին մուծելով ազատում են իրենց քաղաքացիներին։
Ուրեմն, ասում է վերլուծաբան Հաննա Սթյուարթը, երկրները, որոնք պատրաստ են համագործակցել «Իսլամական պետության» դեմ հարվածներ հասցնելու գործում, պիտի նաև համաձայնության գան՝ մուծո՞ւմ են փրկագին, թե՞ բոլորն են հրաժարվում դրանից։
Չէ որ եթե փրկագնով ազատում ես մեկին, զարկ ես տալիս մարդկանց առևանգման «արդյունաբերությանը»։