Գերմանիայում բնակվող հայ աստղագետ Ֆելիքս Ահարոնյանը առաջին հայազգի գիտնականն է, ով այս տարի արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին:
Այս մրցանակը սահմանվել է 2008 թվականին՝ Վիկտոր Համբարձումյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այն շնորհվում է աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառում տարբեր երկրների անվանի աստղագետներից բաղկացած միջազգային ժյուրիի կողմից երկու տարին մեկ անգամ:
Մրցանակը՝ 500 հազար ԱՄՆ դոլար, հանձնում է ՀՀ նախագահը: Այս տարվա մրցանակին արժանացել են երեք գիտնականներ՝ Ֆելիքս Ահարոնյանը (Գերմանիա), Բրենդ Թալին (ԱՄՆ) և Իգոր Կարաչենցևը (Ռուսաստան): Վերջինս, ի դեպ, Վիկտոր Համբարձումյանի ասպիրանտ է եղել:
«Ընդհանուր մրցանակը 500 հազար դոլար է, բայց կիսվել է երկու խմբի մեջ: Ֆելիքս Ահարոնյանը առանձին ստացել է կեսը: Նա զբաղվում է բարձր էներգիաների աստղաֆիզիկայով», - այսօր հրավիրած ասուլիսում մանրամասնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Երբ սահմանվեց այս մրցանակը, լուրջ քննադատություն հնչեց, որ նման խոշոր գումարը կարելի էր հատկացնել Բյուրականի աստղադիտարանի գիտնականներին:
Այս կապակցությամբ Հայկ Հարությունյանն այսօր ասաց․ - «Իրականում մրցանակը նպատակ ունի նաև Հայաստանի իմիջի բարձրացման: Իհարկե սկզբից շատ խոսվեց, որովհետև Բյուրականը շատ ավելի վատ վիճակում էր: Ես կարծում եմ, նաև այդ խոսակցությունները, ինչպես նաև Ակադեմիայի ղեկավարության ջանքերը և մեր արդեն 20-ամյա պայքարը բերեց նրան, որ Բյուրականի աստղադիտարանի բյուջեն բարձրացվեց՝ եռակի անգամ ավելացավ»:
Սեպտեմբերի 18-ը Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է: Ժամանակին՝ անցած դարի 40-ականներին հիմնադրված Բյուրականի աստղադիտարանում Համբարձումյանի ջանքերով հայ աստղագիտությունը ունեցավ փայլուն հաջողություններ՝ հասնելով շատ բարձր մակարդակի:
Այսօր, ըստ աստադիտարանի տնօրենի, հնարավորությունները սահմանափակ են, իսկ երկընտրանքը հետևյալն է․ - «Կարող ենք կամ ընդհանրապես հրաժարվել աստղագիտությունից, կան որպես էնտուզիաստներ շարունակել աշխատել: Ասեմ, որ այն արդյունքները, որ ստացվում են այսպիսի աշխատավարձի պայմաններում, դրանք համեմատելի են միջազգային չափանիշներին, [մեր գիտնականների աշխատանքները] տպագրվում են միջազգային հանդեսներում»:
Այսօր Բյուրականի գիտաշխատողների միջին աշխատավարձը կազմում է 200 ԱՄն դոլարին համարժեք դրամ: