Հեֆերն․ «ԱՄՆ-ը լավատեղյակ է Սիրիայի հայերի և մյուս քրիստոնյաների խնդիրներին»

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, արխիվ

Վաշինգտոնը շատ քաջատեղյակ է Սիրիայում բնակվող հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների հիմնախնդիրներին:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը այսօր Երևանում հայտարարեց, թե Վաշինգտոնը շատ քաջատեղյակ է Սիրիայում բնակվող հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների հիմնախնդիրներին:

ԱՄՆ-ի նախագահի երեկվա հայտարարությունից հետո, թե ԱՄՆ-ը պատրաստ է հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» խմբավորմանը ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում, լրագրողները հետաքրքրվել են, թե հնարավոր է արդյոք ահաբեկիչներին ուղղված հարվածների արդյունքում Սիրիայից հայերի արտագաղթի նոր ալիք սկսվի։

«Կարող եմ ասել, որ այս հարցը քննարկել ենք Հայաստանի կառավարության հետ: Վաշինգտոնը քաջատեղյակ է Սիրիայում հայ և այլ քրիստոնյա փոքրամասնության ներկայության ու խնդիրների մասին», - ասել է դեսպանը։

Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչները «Ազատությանը» փոխանցեցին, որ հայերի շրջանում «անհանգստություն կա», բայց քանի դեռ հայտնի չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, Հալեպում և մյուս հայաշատ վայրերում մնացած հայերն այս պահին հեռանալու մտադրություն չունեն:

Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե Միացյալ Նահանգների հարվածներն օգնելու են Սիրիային վերականգնելու իր սահմաններն ու հետ նվաճելու «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքները, ապա հայկական համայնքը կողջունի դա․ - «Կա մեկ սիրիական հանրապետություն՝ իր հաստատ սահմանագծերով: Եվ որպես այդ պետության քաղաքացիներ, մեր ակնկալությունն է միայն և միայն, որ երկիրը լինի խաղաղ»:

Օրերս տեղեկություն տարածվեց, թե իրաքյան Քուրդիստանի Հավրես հայաբնակ գյուղի բնակիչները կարողացել են ինքնապաշտպանություն կազմակերպել: Ըստ լիբանանյան հեռուստաընկերություններից մեկի, նրանք կարողացել են զենք գնել և հսկում են գյուղի սահմանները:

Արևելագետ Վարդան Ոսկանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս գյուղը, ցավոք, չի կարող երկար ժամանակ ինքնուրույն դիմակայել «Իսլամական պետության» զինյալներին․ - «Փոքրաթիվ մարդիկ են: Առնվազն Իրաքի հյուսիսի տարածքում հայերը, ցավոք սրտի, ապագա չունեն»:

Անդրադառնալով Սիրիայի հայերին՝ Ոսկանյանը նշեց, որ ծայրահեղական այդ խմբավորման դեմ տեղում հայերին կպաշտպանի պետությունը․ - «Հատուկ քաղաքականություն ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, հատուկ բարյացկամ քաղաքականություն հայերի հանդեպ: Մասնավորապես Քեսաբի պարագայում սիրիական բանակի գործողություններն ուղղվեցին Քեսաբը ազատագրելու համար, որը իր համար ունի նաև քարոզչական լիցք: Փաստորեն նա ցույց տվեց, որ ոչ միայն ալավիների նախագահն է, այլև ամբողջ Սիրիայի՝ անկախ դավանական պատկանելությունից»: