Զեկույց. Ինքնաթիռը կործանվել է օդում` արտաքին ուժի ներգործությամբ

Malaysia Airlines ավիաընկերության MH17 չվերթի կործանման հանգամանքների նախնական զեկույցը, Հաագա, 9 սեպտեմբերի, 2014թ.։

Զեկույցում չի նշվում, թե ով է պատասխանատվություն կրում աղետի համար։

Հոլանդացի փորձագետները հրապարակել են հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա-Լումպուր մեկնող «Malaysia Airlines» ընկերության օդանավի աղետի հանգամանքների հետաքննության նախնական զեկույցը։

Ըստ փորձագետների, օդանավը տեխնիկապես սարքին վիճակում էր, թռիչքի ընթացքում խափանում չի եղել, անձնակազմը սխալ գործողություն չի կատարել։

«MH17 չվերթն իրականացնող «Boeing 777-200» օդանավը ենթարկվել է բարձր էներգիա կրող մեծ թվով արտաքին օբյեկտների ներգործության և քայքայվել է դեռ օդում»,- ասվում է զեկույցում։

Տվյալ զուտ տեխնիկական պարզաբանման բուն իմաստն այս է` մեքենան կործանվել է` բախվելով դրսից ստացած հզոր հարվածի։ Ավելի հանգամանալից զեկույց կհրապարակվի մոտ ապագայում։

Հուլիսի 17-ի աղետի հետևանքով զոհվել են բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները` 298 մարդ։ Նախնական զեկույցում չի նշվում, թե որ կողմն է կրում «Բոինգ»-ը վայր գցելու պատասխանատվությունը։ Հոլանդացի փորձագետների առջև նման խնդիր դրված չէ, նրանց նպատակն է պարզել աղետի բուն պատճառը։

Արևուտքի և Կիևի համոզմամբ՝ օդանավը վայր են գցել ռուս անջատականները` ամենայն հավանականությամբ «Բուկ» հակաօդային համակարգից արձակած հրթիռով։

Ռուսաստանը և Ուկրաինայի ռուս անջատականները հերքում են մեղադրանքը։ Մոսկվան պնդում է, որ անջատականներին զենք, այդ թվում հրթիռներ չի փոխանցում։

Մալայզիական օդանավի կործանումն էլ ավելի է սրել Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները։

Եվրոպական միությունը երեկ կեսգիշերին հաստատել է ուկրաինական իրադարձություններում ունեցած ներգրավվածության համար Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք նոր պատժամիջոցների փաթեթը։