Չնայած Հանրապետական խմբակցության պատգամավորներին ուղղված` Սերժ Սարգսյանի շաբաթօրյա հորդորին` «չլքել խրամատը», այսինքն խորհրդարանը, և չբացակայել նիստերից, այսօր որոշ պատգամավորներ ներկա չէին աշնանային նստաշրջանի նիստին, մասնավորապես` Սամվել Ալեքսանյանը:
Իսկ ներկաներից շատերը առաջին իսկ քվեարկությունից հետո դուրս եկան նիստերի դահլիճից` բավական կոպիտ պատասխանների արժանացնելով այն լրագրողներին, ովքեր հետաքրքրվում էին թե ինչո՞ւ են «լքում խրամատը»:
Գեներալ Մանվել Գրիգորյան, օրինակ, ասաց. - «Այ տղա, լքող ըլնի, հետևին ձեռ կտամ: Ամոթ չես անում, գետի'նը մտնես, տենց հարց ես տալիս»:
Հանրապետական մեկ այլ պատգամավոր` Առաքել Մովսիսյանն արտահայտվեց փոքր-ինչ ավելի զուսպ. - «Յան տվեք սաղդ»:
Շաբաթ օրը, հիշեցնենք, ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն ասել էր. - «Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը... այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք նորմալ է, երբ երկրի ղեկավարն է բացատրում պատգամավորներին, որ նրանց գործը խորհրդարան գնալն ու քննարկումներին և քվեարկություններին մասնակցելն է, ասաց. - «Քաղաքական մեծամասնության ղեկավարը` կուսակցության առաջնորդը հանձնարարականներ տվեց թե' Կառավարությանը, թե' մեծամասնությանը: Եվ բնականաբար, այդ հանձնարարականները քննարկվեցին և ընդունվեցին, և այստեղ որևէ զարմանալի բան չկա»:
Դիտարկմանը, թե շատ պատգամավորներ առաջին իսկ քվեարկությունից հետո դուրս եկան դահլիճից, Շարմազանովն արձագանքեց. - «Պառլամենտի աշխատանքը այնպիսին է, որ միշտ էլ ներսուդուրս պետք է անեն: Խոսքը գնում է կարևոր քվեարկությունների ժամանակ, կարևոր քննարկումների մասին»:
Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, մինչդեռ, վստահ է, որ Սերժ Սարգսյանի՝ կուսակիցներին ուղղած հորդորները «միանգամայն անիմաստն են»․ - «Բոլորը, ովքեր լքում էին, շարունակելու են լքել, և ոչ մի բան ըստ էության չի փոխվի: Այդ հորդորն էլ օդում կախված է մնալու: Բայց հավանաբար իրոք գիտակցում է [Սերժ Սարգսյանը], որ վիճակը լուրջ է երկրում, և դրանով կոչ էր անում ավելի ակտիվ դիմադրել ընդդիմադիր հատվածին: Բայց չեմ կարծում, որ այդքան հիմնավորումներ կարող են ունենալ, որով կարող են հակադարձել ընդդիմությանը կամ ինչ-որ կերպ Հանրապետականի դեմքը փրկել: Այնպես որ, խրամատը իրենք են փորել, բայց խրամատներում իրենք չկան»:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով երկրի ղեկավարի ելույթին ու դրանում հնչած հորդորներին, ընդգծեց, թե Սերժ Սարգսյանը նույնպես հասկանում է, որ այսօր ունի շատ փխրուն մեծամասնություն․ - «Եվ դուք ինքներդ տեսնում եք, թե ինչպես կարող են այդ քվեարկությունները տապալվել: Եվ այդ առումով, բնականաբար, հասկանում է, որ սա ընդդիմությունը լավագույնս կարողանում է օգտագործել, և պետք է այնպես անել, որ այդ հնարավորությունը չտալ: Սա է ամբողջ խնդիրը: Այս իմաստն է մեջը, և ես կարծում եմ, այո, մենք նաև ստիպում ենք, որպեսզի մեծամասնությունը աշխատի»: