Այսօր Հայաստան է ժամանում Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։

Ժամեր անց տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Ավստրիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այցի շրջանակներում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի նաև Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը։

Սպասվում է, որ Կուրցին կընդունի նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։