Ռուսաստանի արտգործնախարորթյունը զգուշացրել է, որ եթե Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական ճգնաժամում Կրեմլի դերակատարության առնչությամբ, Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի:
Եվրամիությունը հավելյալ պատժամիջոցների մասին հայտարարել է սեպտեմբերի 5-ին, նշելով, որ դրանք կարող են կասեցվել, եթե Մոսկվան զորքերը դուրս բերի Ուկրաինայից, իսկ Դոնբասում ռուսամետ անջատականների և Ուկրաինայի կառավարական զորքերի միջև կնքված հրադադարի ռեժիմը պահպանվի:
Նոր պատժամիջոցներով նախատեսվում է ընդլայնել այն ռուսաստանցիների ցանկը, ում մուտքը Եվրամիություն արգելվում է, իսկ բանկային ավանդների ու ունեցվածքի վրա կալանք դրվում, ինչպես նաև արգելել Ռուսաստանի պետական ընկերություններին վարկային միջոցների տրամադրումը Եվրամիության արժութային շուկաներում և երկակի օգտագործման ապրանքների վաճառքը այդ ընկերություններին:
Պատժամիջոցները պաշտոնապես ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ին: