«Իսլամական պետության» սպառնալիքը կարող է նախկին հակառակորդներին մղել ԱՄՆ-ի հետ դաշինքի

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ԱՄՆ-ի կողմից միջազգային դաշինք կազմելու գործում մեծ դեր կստանձնի Սաուդյան Արաբիան։ Իրանն արդեն մտել է այդ պայքարի մեջ՝ աջակցելով Բաղդադում նոր կառավարությանն ու զինելով քրդերին։ Եվ հիմա հարցն այն է, թե ինչպես է Վաշինգտոնը հավասարակշռելու Թեհրանի ու Ռիադի միջև երկար տարիներ շարունակվող անվստահությունը։

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում քրդական ուժերի առաջխաղացումն ապահովվում է ԱՄՆ-ի կողմից իրականացվող օդային գրոհների արդյունքում։ Սակայն Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարում է, թե ցամաքում քրդերին օգնում է Թեհրանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջինն էր, որ լսելով մեր խնդրանքը, մեզ տրամադրեց համապատասխան զենքեր», - ասում է նա։

Ի դեպ, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն ասել է, թե Թեհրանը պատրաստ է աշխատել մյուս երկրների հետ՝ ծրագրելու համար «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությունները։ Իրանը, նրա խոսքերով, պատրաստ է այս հարցում բանակցել միջազգային մակարդակներով որևէ երկրի հետ։

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին փորձում է կազմել միջազգային դաշինք ընդդեմ «Իսլամական պետության», Իրանի մասնակցությունն այս պայքարում կարող է խնդիրներ հարուցել Վաշինգտոնի համար։

Ինչպես Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռայըն Քրոքերն է ասում՝ «Իրանի մասնակցությունն Իրաքի սուննիներին կմղի դեպի լիովին սխալ ճանապարհ, լուրջ խնդիրներ առաջ կգան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցներ Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մյուս երկրների միջև»։

ԱՄՆ-ի խաղաղության հաստատության վերլուծաբան Ստիվ Հեյդեմանի խոսքերով սակայն, խնդրի կարևորությունը և դրանից սպասվող մեծ վտանգը կարող են համագործակցության սեղանի շուրջ նստեցնել այնպիսի հակառակորդների, ինչպես Սաուդյան Արաբիան ու Իրանը։

Նա հիշեցնում է երկու ամսվա ընթացքում «Իսլամական պետության» կողմից գրավված լայնածավալ տարածքները:

«Տարածքներ՝ որոնք կարող են դառնալ հեռանկար նման համագործակցության համար», - ասում է Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Նորա Բենսահելը։

Նրա խոսքերով, դժվար թե նկատելի դառնա համագործակցությունն ԱՄՆ-ի ու Իրանի, կամ Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև։ Սակայն, ասում է նա, բեմահարթակների հետևում համագործակցություն ակնկալելն իրատեսական է։

Այդ պատճառով, Արաբական ծոցի երկրները կարող են մի կողմ դնել Իրանի հետ առկա տարաձայնությունները, ասում է Ամերիկյան համալսարանից Աքբար Ահմեդը։

Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարվածության թուլացման ամենահստակ նշանը Ռիադի կողմից Բաղդադի նոր կառավարությանը ողջունելու փաստն էր, չնայած այն հանգամանքին, որ այստեղ նորից մեծամասնություն են կազմում Իրանի աջակցությունը վայելող շիա մահմեդականները, ովքեր, սակայն, խոստանում են ավելի մեծաթիվ սուննի մահմեդականների և քրդերի ընդգրկումը երկրի կառավարության կազմում։