«Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է բռնությունները, օրեցօր ավելի ընդարձակ տարածքներ գրավում ու մեծ արագությամբ համալրում իր շարքերը։ Թե ինչպես է հնարավոր կասեցնել ահաբեկչական այս խմբավորման ջոկատների առաջխաղացումը և ինչպես է հնարավոր այն ոչնչացնել, հարցեր են, որոնք այսօր դրված են ՆԱՏՕ-ի գագաթաժողովի սեղանին։ Միջազգային խնդիր, որը, ըստ ԱՄՆ-ի, կարող է լուծում ստանալ միայն միջազգային դաշինքի եղանակով։
Աշխարհն ապշեց, երբ հունիս ամսին «Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում մի քանի օրվա ընթացքում մեծ արագությամբ գրավեց մի քանի քաղաք։ Ու քանի դեռ այդ առաջխաղացումը շարունակվում է՝ լի բռնություններով ու վայրագությամբ, աշխարհն այսօր մտածում է այն կասեցնելու եղանակների մասին՝ փորձելով նախ հասկանալ այս կազմակերպության համբավի բարձրացման պատճառները։
Պատճառներից առաջինն այն է, որ սուննի իսլամիստների «Իսլամական պետություն» խմբավորումը կարողանում է համոզիչ կերպով դատապարտել սուննի մահմեդական Սադամ Հուսեյնի իշխանության տապալումից հետո Իրաքի արդեն նախկին վարչապետ, շիա մահմեդական Նուրի ալ Մալիքիի օրոք սուննիներին օտարելու քաղաքականությունը։
Երկրորդ պատճառը գրավված տարածքներում իսլամական պետություն՝ շարիաթի օրենքներով կառավարվող խալիֆայություն հռչակելու փաստն է, ինչն իր կողմն է գրավում աշխարհի տարբեր հատվածներում բնակվող ջիհադիստներին, ում երազանքը միշտ եղել է իսլամական պետության հաստատումը։ Այս առումով «Իսլամական պետություն» խմբավորումը, չնայած իր անգութ մարտավարությանը, հասել է մի բանի, ինչին հասնել չկարողացավ Ալ Քաիդան։
Խմբավորման հաջողություններից մյուսն այն է, որ այն կարողանում է Արևմուտքին ներկայացնել որպես մահմեդական երկրների նվաճողներ։ Փաստ, որն այս խմբավորմանը նոր համալրումներ է բերում նույնիսկ չափավոր մահմեդականների շրջանից։ Այդ պատճառով է, որ ԱՄՆ-ը ցանկանում է այս խմբավորման դեմ, օդային գրոհներից բացի, կազմակերպել ընդգրկուն մի դաշինք։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքով` «հարկավոր է «Իսլամական պետության» կողմից գրավված տարածքներում դաշնակիցներ գտնել սուննի մահմեդական ցեղախմբերի շրջանում»։
Վերլուծաբաններից Նորա Բենսահելի խոսքերով, Ամերիկան այժմ փորձում է նաև կազմել լայն դաշինք այն երկրների հետ, որոնց մտահոգում է «Իսլամական պետության» գոյությունը, երկրներ, որոնք պատրաստ են այս խմբավորման դեմ հանդես գալ տնտեսական, ֆինանսական, հետախուզական ու օդային հարվածներ հասցնելու լծակներով։ Իսկ ճակատում, ըստ նրա, «գլխավոր գործողությունները պիտի իրականացնեն Իրաքի պետական զորքերը՝ հաշվետու լինելով երկրի կառավարությանը»։
Քանի որ Իրաքի կառավարությանը ջերմորեն աջակցում է շիա մահմեդական Իրանը, իսկ վերջինս լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ, լայն դաշինք կազմելու խնդիրը բարդանում է։ Սակայն, ինչպես Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռայըն Քրոքերն է ասում, շատ կարևոր է, որ Իրաքում այսօր կազմեն այնպիսի կառավարություն, որը ոչ թե նախկինի պես վաներ սուննիներին, այլ գրավեր նրանց, որպեսզի քաղաքական կյանք վերադառնալու փաստը հետ պահեր նրանց ջիհադին միանալու դրդապատճառներից։
«Իսլամական պետություն» խմբավորումը թույլ է տվել աննկարագրելի վայրագություններ, իրականացրել գլխատումներ, ջարդի ենթարկել փոքրամասնություններին, վտարել քրիստոնյաներին։ Այս ամենը հարկավոր է կանգնեցնել։ «Սակայն, եթե ԱՄՆ-ը մտածի, որ կարող է կանգնեցնել մի քանի ռումբ նետելով կամ մի քանի հրթիռ արձակելով, չարաչար կսխալվի», - ասում է վերլուծաբան Աքբար Ահմեդը։
Օբամայի վարչակազմը պիտի զգույշ լինի՝ թույլ չտալու համար այն սխալները, որոնք թույլ տվեց սուննի մահմեդական Սադամ Հուսեյնի դեմ պատերազմում, երբ անտեսվեցին սուննիները, ինչի արդյունքում էլ ծնվեց «Իսլամական պետություն» վրիժառու խմբավորումը։