ՀՀ նախագահը կոչ է արել ընդունել «Մինսկի խմբի բառապաշարը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանին, Նյուպորտ, Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և նախանշվել նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:

Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ Հայաստանում լավ գիտեն թե´ անվտանգության, թե´ խաղաղության գինը։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրանց համար մեր երկիրն ստիպված է պայքարել գրեթե ամեն օր։

«Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա´մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահող երկրների կողմից, այստեղ` ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա´մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։ Կա´մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա´մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը։