Ուկրաինա, Աֆղանստան, Վրաստան, Իրաք` ահա այն գլխավոր թեմաները, որ կքննարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարները` այսօր Ուելսում մեկնարկած գագաթաժողովի ընթացքում:
Կեսօրից հետո մեկնարկող քննարկումները նվիրված են Աֆղանստանում ստեղծված իրավիճակին` մասնավորաբար դաշինքի ուժերի առաջիկա դուրսբերմանը:
Ուելսյան համաժողովի ընթացքին հետևող գրեթե բոլոր փորձագետներն ու լրագրողները, սակայն, համակարծիք են` հիմնական քննարկումները նվիրված են լինելու Ուկրաինայում ստեղծված կացությանը:
Դա պարզ դարձավ նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի` առավոտյան կայացած մամուլի ասուլիսում հնչեցրած կտրուկ գնահատականներից:
«Արևելքում` Ուկրաինայում, անվտանգության միջավայրի դրամատիկ փոփոխությունների ականատեսն ենք դարձել: Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա», - նշում էր Ռասմուսենը:
Երեկոյան կողմ արդեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները Ուկրաինա-ՆԱՏՕ համատեղ հանձնաժողովի շրջանակներում կքննարկեն Դոնեցկի և Լուգանսկի մարզերում ստեղծված կացությունն ու Ռուսաստանի ձեռնարկած գործողություններին հակազդելու տարբերակները: Նախատեսվում է, որ այս քննարկումը կշարունակվի մոտ երկու ժամ: Դրանց ավարտին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդես կգան համատեղ ասուլիսով:
Անդերս Ֆոգ Ռասմուսենի համոզմամբ, Ուկրաինայի հետ մանրակրկիտ քննարկումների հիմնական արդյունքը կդառնա ՆԱՏՕ-ի և Կիևի հարաբերությունների սերտացումը:
«Մենք քայլեր կձեռնարկենք Ուկրաինայի և գործընկեր մյուս պետությունների հետ դաշինքի համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ», - նշեց Ռասմուսենը:
Հարկ է նկատել, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, դեռ մինչև Ուկրաինային նվիրված քննարկումները, արդեն իսկ որոշել են խոսքերից անցնել գործի` ակնհայտորեն խստացնելով Ռուսաստանի հանդեպ որդեգրված առանց այդ էլ կոշտ դիրքորոշումը:
Երեկ երեկոյան, օրինակ, Ելիսեյան պալատը պաշտոնական հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ ռազմական ուղղաթիռների համար նախատեսված Միստրալ-տիպի ավիակրի արդեն իսկ համաձայնեցված վաճառքը Ռուսաստանին չեղյալ է հայտարարվում: Նշենք, որ կասեցված ռուս-ֆրանսիական գործարքի ընդհանուր ծավալը շուրջ մեկ միլիարդ դոլար էր կազմում:
Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների անհրաժեշտության մասին են խոսում նաև Լոնդոնում:
Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի մեկնարկից առաջ BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր նշում էր․ -«Ռուսաստանը պետք է հստակ հասկանա` եթե նման գործելաոճը պահպանվի, ապա ճնշումները կուժեղանան»:
Մոսկվայի հասցեին հնչող քննադատությանն ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կրկին հայտարարեց, թե Ուկրաինայում ստեղծված կացության գլխավոր մեղավորներից մեկը ԱՄՆ-ն է:
«Համոզված եմ, որ ԵԱՀԿ-ն, ինչպես նաև եվրոպական շատ պետություններ, ցանկանում են, որպեսզի հաղթող դուրս գա ուկրաինացի ժողովուրդը` իր ողջ բազմազգ միասնության մեջ: Արևմտյան մի շարք երկրներ` այդ թվում Միացյալ Նահանգները, ուզում են, որպեսզի հաղթի Հյուսիսատլանտյան դաշինքը: Այդ դեպքում մի իրավիճակ կստեղծվի, երբ Ամերիկան բոլորին իր կամքն է թելադրում: Բացառիկության այս սկզբունքը, որը մի քանի անգամ բարձր ամբիոններից հնչեցրել է նախագահ Օբաման, որևէ լավ հետևանք ունենալ չի կարող: Այդ վատ հետևանքները մենք արդեն իսկ տեսնում ենք», - հայտարարեց Լավրովը: