ԱՄՆ-ը չի դադարեցնի օդային հարձակումներն ընդդեմ «Իսլամական պետության»

Պենտագոնի խոսնակ, ծովակալ Ջոն Քիրբին հաստատում է օդային գրոհները շարունակելու ԱՄՆ-ի մտադրությունը:

ԱՄՆ-ի կառավարությունը հաստատել է Ստիվըն Սոթլոֆի ինքնությունը, որին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը գլխատել էր՝ տեսագրությունը տեղադրելով համացանցում։ Սոլտոֆի գլխատման համար ահաբեկչական այս կազմակերպությունը նորից դատապարտում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ-ի կողմից Իրաքի ռմբակոծումները։

Ամերիկացի լրագրող Սոթլոֆին գլխատելու պահին «Իսլամական պետություն» խմբավորման անդամը կրկին բրիտանական առոգանությամբ հայտարարում էր․ - «Քանի դեռ ամերիկյան հրթիռները շարունակում են հարվածել Իրաքի ժողովրդին, մեր դանակները շարունակելու են կտրել ձեր մարդկանց կոկորդները»։

Չնայած ամերիկացի երկրորդ լրագրողի վայրագ սպանության փաստին՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե այն չի կարող կանգնեցնել օդային հարձակումներն ընդդեմ «Իսլամական պետության»։

Անմեղ որդուն չսպանելու խնդրանքով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ղեկավար Աբու ալ Բաղդադիին էր դիմել Սոթլոֆի մայրը։ Խմբավորումը, մինչդեռ, այսօր սպառնում է գլխատել նաև բրիտանացի լրագրող Դեյվիդ Հայնեսին։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, ծայրահեղական այս խմբավորումը շատ ավելի վտանգավոր է, քան Ալ Քաիդան։ Վերլուծաբաններից Դեյվիդ Քիլքուլենի խոսքերով, նրանք միլիոնավոր դոլարներ են կորզել՝ առևանգելով մարդկանց ու փրկագին պահանջելով: Այսօր այս կազմակերպությունն աշխարհի ամենահարուստ ահաբեկչական խումբն է՝ 5ՕՕ միլիարդ դոլար կարողությամբ։

«Համաշխարհային անվտանգության խորհուրդ» հաստատության վերլուծաբաններից Քաթարին Գորկայի կարծիքով, Իրաքում շուտով կսկսեն գործել ավելի ուժեղ հատուկ ուժեր, որոնց գործողությունները կուղեկցվեն օդային հարվածներով։

Սակայն շատերն էլ այն կարծիքին են, որ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու բանալին տրված է ոչ թե ԱՄՆ-ի ռազմական ուժերին, այլ Իրաքի կառավարությանը։ Նրանք համոզված են, որ միայն ճիշտ կառավարման արդյունքում այստեղ կարող է անդորր հաստատվել։