Սեպտեմբերի 3-ի պտուղները

Your browser doesn’t support HTML5

ՄՄ-ին անդամակցելու Սերժ Սարգսյանի աղմկահարույց համաձայնությունից մեկ տարի անց հայտնի չէ՝ Հայաստանը ե՞րբ, ի՞նչ պայմաններով պետք է անդամակցի այդ միությանը:

Հայաստանի քաղաքացիներն ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Ռուսաստանի նախագահականի կայքից իմացան, թե Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը։

Հայաստանի ինքնիշխանությունը որպես բարձրագույն արժեք ընդունող քաղաքացիները Մաքսայինին անդամակցելու՝ Սերժ Սարգսյանի անակնկալ համաձայնությունից հետո ըմբոստություն դրսևորեցին նախագահականի մոտ: Բողոքի ակցիայի դուրս եկած տասնյակ քաղաքացիներ ինքնաբուխ հավաքով պահանջում էին վերջ տալ այս քաղաքականությանը, Հայաստանի անունից չխոսել, և միանձնյա որոշումներով երկիրը չտանել հարյուր քայլով հետ դեպի Սովետական Միության վերակազմավորում։

Ոստիկանների հետ բախումներ տեղի ունեցան: Ինը քաղաքացի բերման ենթարկվեց:

«Շոկ»

Տասն օր էր անցել Կրեմլում Սերժ Սարգսյանի տված համաձայնությունից, երբ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չթաքցրեց, որ իրենք, ինչպես և հայ հասարակությունը, շոկի մեջ են: Ավելի վաղ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ ընդունվեց․ ԵԺԿ-ն դատապարտեց Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած ճնշումը և ափսոսանք հայտնեց Սերժ Սարգսյանի որոշման կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը փորձեց հուսադրել, թե Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը «մնում է Հայաստանի օրակարգում»:
«Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու որոշումը ամենևին չի նշանակում Եվրոպական միության հետ մեր քաղաքական երկխոսության դադարեցում կամ ընդհատում․․․ Մեր քաղաքական օրակարգում մնում է Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում նախաստորագրել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը», - ասել էր վիգեն Սարգսյանը:

Հայաստանի իշխանությունները առաջարկեցին ստորագրել համաձայնագրի քաղաքական մասը՝ այնտեղից հանելով Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը: Այդ մասին հունվարի վերջին Պրահայում խոսեց նաև Սերժ Սարգսյանը․ - «Մենք հաստատեցինք մեր ցանկությունը հետագա համագործակցության»:

Եվրամիության պատասխանը, սակայն, միանշանակ էր՝ Ասոցացման համաձայնագիրը մեկ ամբողջական փաստաթուղթ է, և անհնար է ստորագրել դրա միայն մի մասը:

Այսպիսով, Հայաստանը զրկվեց 3 տարի տևած բանակցությունների պտուղը վայելելուց: Եվրոպան 2013 թվականի նոյեմբերին հրաժարվեց Հայաստանի հետ միայն քաղաքական բարեփոխումներ ենթադրող Ասոցացման համաձայնագիր ստորագրել: Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական Միությունը միայն համատեղ հայտարարություն ընդունեցին ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության մասին:

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի անդամները, որոնք երեքուկես տարի մասնակցել են Եվրամիության Ասոցացման ծրագրի շուրջ ընթացող քննարկումներին, հայտարարում են, որ պետք է ամեն ինչ անել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կասեցնելու համար: Պլատֆորմի անդամները այսպիսի բնորոշում են տալիս․ Մաքսային միությանն անդամակցելը նշանակում է «գիտակցաբար գնալ ինքնասպանության»։

Թերություններ, թե՞ առավելություններ

Մաքսայինին անդամակցելու հետևանքով Հայաստանում մինչև 15 տոկոսով կբարձրանան պարենային ապրանքների գները, ինչն էլ իր հերթին ազդեցություն կթողնի ընդհանուր գնաճի վրա: Այս մասին զգուշացնում էին տնտեսական մեկնաբանները:

Մարտի վերջին նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ՄՄ-ի առավելությունները թերություններից շատ են:

«Մենք պետք է ուղղվածությունը փոխենք դեպի Մաքսային միության շուկաներ և նախապատվությունը այդ առումով տանք հենց Մաքսային միության երկրների կողմից արտադրված ապրանքներին և ծառայություններին», - հայտարարել էր նախկին վարչապետը:

Սպառնալիքներ՝ ինքնիշխանությանը

2013 թվականի վերջին Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ հայտարարություն ստորագրվեց «ճանապարհային քարտեզի» մասին:
Հայաստանում հնչեց տեսակետ, որ «Ճանապարհային քարտեզ»-ը «սպառնալիքներ է պարունակում» Հայաստանի ինքնիշխանությանը:

Տարվա սկզբին էր հայտնի դարձել, որ ԵՄ-ի հետ առևտրային բանակցությունները Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային միությունը:

Իրավաբանները պնդում են, որ «ճանապարհային քարտեզում» ամրագրված պահանջները հակասում են Հայաստանի Սահմանադրությանը:

Որպես Կրեմլի խոսափող հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարությունները Հայաստանում ռուսերեն լեզվի գործածության մասին իսկական փոթորիկ առաջացրին: Մինչ այդ էլ Ռուսաստանի մաքսապետն էր խոսել Մաքսայինին անդամակցելու դեպքում ռուսերենի գործածության անհրաժեշտության մասին: Ռուսաստանից հնչող պահանջները չանտեսեցին Հայաստանի Ազգային ժողովում․ բացվեց ռուս գրքի գրադարան:

Ի՞նչ, ե՞րբ, ինչպ՞ես

Արդեն մեկ տարի է, ինչ քննարկվում է հարցը, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունենում Եվրասիական տնտեսական միության առնչությամբ: Սերժ Սարգսյանն Աստանայում ասել էր, թե Հայաստանը մտադիր է Եվրասիական միության պայմանագրին միանալ մինչև հունիսի 15-ը: Սակայն ավելի ուշ հրապարակված գագաթնաժողովի որոշման մեջ ընդամենը ասված է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է նախապատրաստել այդ պայմանագիրը, սակայն ստորագրվելու ժամկետների մասին՝ ոչ մի խոսք:

Ապա Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը չի ստորագրվի մինչև հուլիսի 3-ը: Հուլիսին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու նոր ժամկետներ հրապարակեց՝ ասելով, թե «2015 թվականից ուժի մեջ է մտնելու»:

Արդեն հունիսի 27-ին Հովիկ Աբրահամյանը Մաքսայինին անդամակցելու ձգձգումները որակեց որպես՝ «լավ է ուշ, քան երբեք»:

Կրեմլում Սերժ Սարգսյանի տված համաձայնությունից մեկ տարի անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց ստորագրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը։

Կրեմլում Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի աղմկահարույց համաձայնությունից մեկ տարի անց հայտնի չէ՝ Հայաստանը ե՞րբ, ի՞նչ պայմաններով պետք է անդամակցի Մաքսայինին և ինչպե՞ս, ի՞նչ օրակարգով պետք է շարունակի համագործակցությունը Եվրամիության հետ: