«Իսլամական պետության» գրոհայինների ակտիվացումը իսրայելա-սիրիական սահմանին անհանգստացնում է հայերին

Շրջված ավտոբուս Երուսաղեմում: 4-ը օգոստոսի, 2014 թ․

Արաբա-իսրայելյան այս վերջին հակամարտության՝ հիսուն օր տևած ռազմական գործողությունների ժամանակ հայկական համայնքը տոկուն էր և որևէ կերպ չարձագանքեց ու հանդես չեկավ որևէ կողմին պաշտպանելու, սատարելու հայտարարությամբ:

Ի տարբերություն երկրորդ լիբանանյան պատերազմի, այս անգամ հայերը չդիմեցին Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի քաղաքացիներին տարհանելու խնդրանքով:

«Այս անգամ հայերը չդիմեցին Հայաստանի օգնությանը, որովհետև կար 2006 թվականի դառը փորձը, երբ երկկողմանի տոմսեր գնած և վերադարձի տոմսերը ձեռքերին հայերին կառավարությունն «Արմավիա»-ի հետ միասին ինքնաթիռ չտրամադրեց, և 48 իսրայելահայ հետ վերադարձան սեփական միջոցներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանը:

Ի տարբերություն երկրի կենտրոնի, հյուսիսի ու հարավային քաղաքների հայերի, որոնք ավելի հրեամետ դիրքորոշում ունեն, որովհետև ապրում են հրեական միջավայրում ու իրենց վրա զգացին պատերազմի ու հրթիռահարումների ողջ վտանգն ու սարսափը՝ Երուսաղեմում այլ մթնոլորտ է տիրում: Այստեղ հայերի մեծ մասն իսրայելահպատակ չեն, ունեն զուտ կեցության փաստաթուղթ, և իրենց գործն ու առօրյան կապված է քաղաքի արաբական հատվածի հետ:

Այստեղ հակված են կարծելու, որ պատերազմի ընթացքում Իսրայելը «ցույց տվեց իր քանդող ուժը, բայց հաղթանակ չտարավ»:

Այս կարծիքին է, օրինակ, Իսրայելում հայտնի դաշնակցական գործիչ, Հայ Դատի տեղի պատասխանատուներից մեկը՝ Սերոբ Սահակյանը: Պետք է փաստել, որ Երուսաղեմը, ի տարբերություն մյուս հայաշատ կենտրոնների, հրթիռահարումների թիրախ չի դառնում, քանզի այստեղ ավելի քան 300.000 արաբ է ապրում:

«Ես կարծում եմ, որ մենք՝ հայերս, այս բոլոր ընդհարումներից, հակամարտություններից լուրջ վնաս չունենք: Այն իմաստով, որ, ճիշտ է, կան տնտեսական, անվտանգության հետ կապված հիմախնդիրներ և ամենաշատը՝ վախ, որ այս ծայրահեղականների հակամարտությունից մենք էլ կարող ենք ոտքի տակ գնալ, բայց ընդհանուր հայերի շրջանում ամեն ինչ հանգիստ էր», - կարծիք հայտնեց Սահակյանը:

«Պատերազմի օրերին արևելյան Երուսաղեմում հիսուն օր շարունակ արաբ երիտասարդությունը ցույցեր էր անցկացնում և երեկոյան անվտանգ չէր համայնքից դուրս գալ», - պատմում է մեկ այլ դաշնակցական Հակոբ Սևանը:

Չնայած պատերազմին ու թեժացած այս հակամարտությանը, հայերի ուշադրության կենտրոնում այսօր ոչ թե «Համասի» գրոհայինների ոգեշունչ արտահայտություններն են կամ Իսրայելի կառավարող օղակների հայտարարությունները, այլ այս օրերին Սիրիայի ու Իսրայելի սահմանին ընթացող մարտերը: Խնդիրը նույնիսկ հրթիռահարվող տարածքները չեն․ մտահոգիչն այս արմատական իսլամիստների գաղափարախոսությունն է, որը կարող է ներթափանցել Իսրայելի տարածք ու իրոք վտանգավոր դառնալ երուսաղեմահայերի համար:

Այն ծայրահեղական շարժումը կոչվում է «Դաաշ» և Սերոբ Սահակյանի կարծիքով, «կարող է հակաքրիստոնեական տրամադրություններ գրգռել տաճկական այս մեծ զանգվածի մեջ և լուրջ խնդիրներ առաջացնել քրիստոնեաների համար»․ - «Այն գաղափարախոսություն է, ու վտանգ կա, որ կարող է քաջալերել ծայրահեղական տաճկական տարրն Իսրայելում, որն իրոք կարող է պատուհաս դառնալ հայերի համար: Բարեբախտաբար տեղի արաբները քննադատում են սրանց իրենց կատարած մարդասպանությունների համար, սակայն վտանգը շատ իրական է»: