Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արգենտինայի փոխարտգործնախարարին

Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Արգենտինայի փոխարտգործնախարար Էդուարդո Անտոնիո Սուաինի գլխավորած պատվիրակությունը, որը Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ղղջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ ս.թ. հուլիսին ՀՀ նախագահի` Արգենտինա կատարած պաշտոնական այցելությունը նոր թափ է հաղորդել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը և վստահություն հայտնել, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով կյանքի կկոչվեն։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխարտգործնախարար Սուաինը ընդգծել է, որ Արգենտինան ցանկանում է խորացնել Հայաստանի հետ բազմաբովանդակ համագործակցությունը, և այդ առումով կարևորել պարբերական բարձրաստիճան փոխայցելությունները։

Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ կազմակերպված հայ համայնքի առկայությունն Արգենտինայում մեծապես նպաստում է Հայաստանի և Արգենտինայի միջև ստեղծված բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ մուտքի արտոնագրային ռեժիմի բացակայությունը, հարուստ իրավապայմանագրային դաշտի առկայությունը, երկու երկրների մայրաքաղաքների քույր-քաղաքներ հանդիսանալը կարևոր գործոն են` երկկողմ փոխգործակցության խորացման համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղիների շուրջ, կարևորվել է համագործակցության սերտացումը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, ապակենտրոնացված փոխգործակցության ամրապնդումը, գիտական, կրթական, մշակութային փոխանակումների ակտիվացումը։

Հանդիպումից հետո ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը և Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ազգային արտաքին ծառայության ինստիտուտի տնօրեն Խուան Վայե Ռալեյգը իրենց կողմից ղեկավարվող ուսումնական հաստատությունների միջև փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել։