«Ապօրինաբար» աշխատանքից ազատված ուսուցչի գործով դատաքննությունը մեկնարկեց

Your browser doesn’t support HTML5

Ուսուցչի կարծիքով, դատարան չներկայանալով՝ պատասխանող կողմը փորձում է ձգձգել դատական գործընթացը:

Իր պնդմամբ՝ կուտակայինին չմիանալու պատճառով դպրոցից հեռացված Տիգրան Սարգսյանի դատական գործի քննությունը մեկնարկեց այսօր, սակայն նիստը միանգամից հետաձգվեց:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Արթուր Մարգարյանն ընթերցեց պատասխանող կողմի՝ դատարան ներկայացրած գրությունը, ըստ որի Զովասարի դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանը վատառողջ է ու նիստին ներկա գտնվել չի կարող, ըստ այդմ՝ որոշեց նիստը հետաձգել:

Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Տիգրան Սարգսյանը աշխատանքից ազատվել էր 2014-ի մայիսի 8-ին, պաշտոնական ծանուցումը, սակայն, ստացել էր մոտ մեկ ամիս անց: Չհամաձայնելով աշխատանքից ազատման հրամանի հետ՝ ուսուցիչը դիմել էր դատարան՝ պահանջելով վերանայել այն ու իր սիրած գործն իրեն վերադարձնել:

Տնօրեն Ալբերտ Սարգսյանի պնդմամբ, սակայն, իր նախկին աշխատակիցը հեռացվել էր դպրոցից 2 օր աշխատանքի չներկայանալու պատճառով:

Ինֆորմատիկա և մաթեմատիկա դասավանդող ուսուցիչը երեկ՝ սեպտեմբերի 1-ին, դասարան մտնելու փոխարեն դատական գործին է նախապատրաստվել: Նրա կարծիքով, դատարան չներկայանալով, պատասխանող կողմը փորձում է ձգձգել դատական գործընթացը:

«Ակնհայտ է, որ մարդիկ ուղղակի փորձելու են արհեստական խնդիրներ ստեղծելով՝ գործը ավելի երկարացնել, բարդացնել, բայց ես համառ եմ, մինչև վերջ պայքարելու եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:

Նա իր համար կարևոր մի հանգամանք է պարզել պատասխանող կողմի դատարան ներկայացրած բացատրություն մեջ․ - «Հստակ երևում է, որ պատասխանող կողմը ընդունել է իր սխալը, այսինքն՝ ընդունել է այն, որ կուտակայինի դիմումը նա ստացել է ինձնից, ինչը երկար ժամանակ հնարավոր չէր լինում ապացուցել, իսկ նրա պատասխանում հստակ գրված է, որ ստացել է ապրիլի 18-ին, և երկրորդը, որ ասում է, թե «ես համապատասխան հանձնարարական չունեի, որ պահումները չանեի»: Սա երկրորդ փաստն է, որն ապացուցում է, որ նրան վերևից ասվել է, որ այդ պահումները ինքը շարունակի անել»: