Հայաստանցի եզդիները Թուրքիայում այցելել են եզդի փախստականներին

Your browser doesn’t support HTML5

Եզդի փախստականների՝ Հայաստան հասնելու և ապաստան հայցելու ուղիները դեռ անորոշ են:

Եզդի Նաիֆ Մուրադ Սրոն 15 հոգանոց ընտանիքով մի կերպ է փրկվել Իրաքի հյուսիսում սկսված ցեղասպանությունից ու ապաստան է գտել Թուրքիայում: Մի քանի օր շարունակված սովին, ծարավին ու տանջանքներին եռամյա դուստրը՝ Ջամիլան չի դիմացել․ երեխային թողել են գաղթի ճանապարհին՝ քարերի տակ:

Երկու օր առաջ Թուրքիայից վերադարձած Հայաստանի «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին այսպիսի բազմաթիվ պատմություններ է լսել: Մուրազին մի քանի օր շրջել է թուրքական Սիլոփի, Միդիաթ, Մեդնին, Դիարբեքիր, Բաթման քաղաքներում տեղակայված փախստականների ճամբարներում, որտեղ, իր խոսքով, ապաստանել է մոտ 22 հազար եզդի:

Այս պահի դրությամբ, ըստ Մուրազիի, սննդի պակաս ճամբարներում չկա: Lուրջ խնդիր է կացարանը․ վրան ձեռք բերելու հնարավորություն չունեցող մարդիկ քնում են այգիներում, փողոցներում, որտեղ պատահի:

«Սինջար» եզդիների ազգային միավորումը 11 հազար ԱՄՆ դոլարի չափով գումարի օգնություն էր տարել փախստականներին: Գումարը բավարարել է միայն 25 ջերմամեկուսիչ վրան ձեռք բերելու համար: Մուրազին ասում էր, որ Թուրքիայում ապաստանած այդ մարդկանցից շատերը ուզում են Հայաստան գալ:

«Ուզում էինք 150 հոգու բերել Հայաստան: Ես կապվեցի Արտաքին գործերի նախարարության աշխատակցի հետ՝ Տիգրան Բալայանի հետ, նա ասաց, որ դա երկար պրոցես է, մենք պետք է նորից գրավոր դիմենք․․․ Այսինքն՝ մեր էնտեղ գտնվելու ընթացքում չէինք կարող մարդ բերել», - նշեց Մուրազին:

Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եզդի փախստականների Հայաստան հասնելու և ապաստան հայցելու ուղիները դեռ անորոշ են: Նախարարությունում ասում են, թե դեռևս պաշտոնական դիմում չեն ստացել փախստականներից: Բալայանի խոսքով` եզդի փախստականներին տրամադրվելիք Հայաստանի ֆինանսական օգնության վերաբերյալ տեղեկություն կլինի «մոտակա ժամանակներս»:

Մուրազին ասաց, որ իրենք պատրաստ են տեր կանգնել իրենց եզդի ընկերներին, եթե Հայաստանը ընդունի վերջիններիս՝ հավելելով, որ քրիստոնյաների շրջապատում նրանք իրենց ավելի ապահով կզգան:

«Ազգակիցների համար շատ գյուղերում արդեն ազատ տներ ենք գտել: Փախսատակների ցուցակն էլ պատրաստ ենք տրամադրել համապատասխան մարմիններին՝ սահմանին անվտանգությունն ապահովելու համար: Բերված մարդկանց համար մենք պատասխանատու ենք: Միայն Միրաք գյուղում գյուղապետը առաջարկել է, որ ինքը պատրաստ է 15 դատարկ տները տրամադրել եկողներին: Այսինքն մենք պետությանը տեղյակ պահել ենք, որ կարիքը չի լինելու մարդկանց կացարաններով ապահովելու, սննդով ապահովելու», - ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահը:

«Երբ աժդահա տղամարդը աղեկտուր լաց է լինում, արդեն դժվար չէ պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել իր աչքի առջև», - ասաց Մուրազին՝ շարունակելով․ - «Մի ծերունու աչքի առջև սպանել են հարևանի երեք տղաներին, մեկ ուրիշի հայրը ամեն անգամ խենթանում է ցավից, երբ հեռախոսով կապ է հաստատում գերեվարված 15-ամյա դստեր հետ»:

Պատմությունների մեծ մասը սահմանից այն կողմ մնացած, զոհված կամ գերեվարված երեխաների ու կանանց մասին են․ - «Էդ դաժանությունները էն աստիճանի են եղել, որ եզդիներից մեկը, երբ լեռով անցնում են, մայրը վատանում է, և ինքը չի կարողանում մորը տանել, և մայրն էլ չի կարողանում քայլի, ինքը ստիպված մորը կրակում-սպանում է, որպեսզի չընկնի ահաբեկիչների ձեռքը: Հարյուր եզդի աղջիկներ մեկ օրվա մեջ ինքնասպանություն են գործում, որ հասկանում են, որ շրջափակման մեջ են»:

Այս դաժան պատմությունները լսած, մարդկային դժբախտություններին ականատես դարձած Մուրազին կարծում է, որ այնուամենայնիվ ցեղասպանություն ապրած Հայաստանը օր առաջ պետք է մտածեր կոտորածից փրկվածների առջև սահմանը բացելու մասին՝ վիզային սահմանափակումները ուժի մեջ թողնելու փոխարեն՝ ընդգծելով․ - «Թուրքիան ապաստան է տրամադրել հազարավորների, 22 հազար մարդ էնտեղ է»: