«Ղարաբաղը շարունակելու է պայքարել ճանաչման համար»

Your browser doesn’t support HTML5

Լեռնային Ղարաբաղն այսօր նշում է իր անկախության հռչակման օրը. 23 տարի առաջ էր, երբ Ղարաբաղի ժողովուրդը որոշեց իր ապագան կերտել անկախ կարգավիճակ ունեցող պետության տանիքի տակ՝ հույս ունենալով հասնել ճանաչման ինչպես Ադրբեջանի, այնպես էլ աշխարհի այլ պետությունների կողմից

Անկախության հռչակումից անմիջապես հետո մինչև 94 թվականը շարունակված պատերազմում Ղարաբաղը նվաճեց իր փաստացի ինքնիշխանությունը, սակայն մինչև օրս աշխարհի քաղաքական քարտեզի վրա իր տեղը չի գտել:

Այդուհանդերձ, այս օրը տոն է Ղարաբաղում, որն ամեն տարի մեծ շուքով է նշվում։

Այսօր ղարաբաղցիների հետ անկախության տոնը նշում է նաև Հայաստանի ղեկավարությունը։ Ստեփանակերտում է գտնվում նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը իր շնորհավորական ուղերձում այս անգամ անդրադարձել է սահմանային վերջին միջադեպերին՝ ընդգծելով․ - «Ուղիղ մեկ ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Արցախն ուժեղ է, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինվորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպես է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպես կլինի այսուհետ»։

«Սեպտեմբերի 2-ը տոն է ոչ միայն Արցախի ժողովրդի, այլ ամբողջ հայության համար», - այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում հայտարարել է Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ վստահեցնելով, որ Ղարաբաղը շարունակելու է պայքարել ճանաչման հասնելու համար.- «Ես համոզված եմ, որ մեզ սպասվում են նորանոր հոբելյաններ և նորանոր հաջողություններ»։

23 տարիների ընթացքում Ղարաբաղի անկախությունը ճանաչվել է Միացյալ Նահանգների և Ավստրալիայի մի քանի նահանգների օրենսդիր մարմինների բանաձևերով ու որոշ քաղաքային խորհուրդների մակարդակով:

Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը: Միևնույն ժամանակ Հայաստանի նախագահն այսօր իր շնորհավորական ուղերձում ասել է, որ Արցախի ժողովրդի «պատմական ընտրությունը» անշրջելի է. - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածության, հզոր բանակով և պետական կուռ կառույցներով»:

Պաշտոնական Երևանին Ղարաբաղի անկախությունը տարիներ շարունակ պաշտոնապես ճանաչելու կոչ անող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սովորության համաձայն այսօր առաջինն է այցելել Ստեփանակերտի հուշահամալիր։

Հայաստանի առաջին արտգործնախարարը Ղարաբաղի անկախության մասին խոսելիս չի շրջանցում ռուսական դաշինքին Հայաստանի անդամակցության հանգամանքը․ - «Արցախը ոչ հայ ժողովրդի հետ մեկտեղ պաշտոնական Երևանի ուղեկցությամբ պիտի դառնա միջազգայնորեն ճանաչված պետություն։ Տարբեր միություններ մեզ ուզում են հրապուրել, այդ միությունները, ինչ էլ լինի հայ ժողովրդի որոշումը, պետք է գործ ունենան այնպիսի Հայաստանի հետ, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը»։

23 տարի ճանաչման համար գրեթե անարդյունք պայքարում Ղարաբաղը չի հուսահատվում: Անկախության ամրապնդումն ու ճանաչման հասնելը Ղարաբաղի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է: Շրջափակման պայմաններում պարբերաբար պատերազմով սպառնացող Ադրբեջանի հարևանությամբ, առանց միջազգային հանրության աջակցության Ղարաբաղը փորձում է սեփական ուժերով դառնալ գոնե ինքնաբավ:

«Ազատության» հետ զրույցում ղարաբաղցիները զուգահեռներ էին տանում․ 23 տարի առաջ Ադրբեջանի կազմում՝ վտանգված ու խտրականության ենթարկված, իսկ այսօր, թեև չճանաչված, բայց ազատ և ինքնաբավ են։