Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Լիտվայի Սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարևորել է նրանց գործունեությունը` ուղղված հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական կապերի ամրապնդմանը։
Էդվարդ Նալբանդյանը առանձնահատուկ ընդգծել է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ Ազգային Ժողովի հետ բարեկամության խմբի գործունեության կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և գործունեության բարձր գնահատականի համար` լիտվացի խորհրդարանականները վստահեցրել են, որ շարունակելու են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված իրենց գործունեությունը։
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։