Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են, որ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենա արդեն հատել է սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից:
Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:
Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝ առաջիկա օրերին գիշերային ժամերին երթևեկությունը կդադարեցվի: