Բժշկի հավաստմամբ՝ վթարի օրը Վարդան Պետրոսյանը ալկոհոլ չի օգտագործել

Your browser doesn’t support HTML5

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարության գլխավոր հարցն էր՝ արդյո՞ք ավտովթարի ժամանակ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, թե ոչ։

Հարցաքննվող, Եղվարդի բժշկական կենտրոնում դերասանին փորձաքննության ենթարկած բժիշկ Համազասպ Գևորգյանն ասաց, որ դերասանի հարբածության աստիճանը ստուգել է ալկոմետր կոչվող սարքի միջոցով, սարքը արձանագրել է, որ դերասանը ալկոհոլ չի օգտագործել։

Վարդան Պետրոսյանը անազատության մեջ է գտնվում անցած տարվա նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում:

Ի տարբերություն նախորդ դատական նիստերի, այս անգամ տուժող կողմը նիստին ներկա չէր, բավական ակտիվ էր տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը, ով բժշկին մոտ մեկ ժամ հարցեր էր ուղղում, շատ անգամ հարցերը կրկնվում էին, ինչը նիստի ներկաների ծիծաղն էր առաջացնում։

«Դուք նույն հարցն եք տալիս, պարոն Բալոյան, անընդհատ էդ նույն հարցն եք տալիս, եկեք առաջ անցնենք, եթե այլ հարցեր չունեք, եկեք սահմանափակվենք»,- նկատողություն արեց դատավորը։

Տուժողի ներկայացուցչի կրկնվող հարցերը հիմնականում վերաբերում էին փորձաքննության արդյունքների արձանագրության կազմմանը, այն ստորագրելուն և կրկնօրինակին։

Դատավարության ընթացքում նույն հարցով հարցաքննվեց նաև Վարդան Պետրոսյանի գյուղի տան հարևանը. դեպքի օրը դերասանը Երևան էր վերադառնում գյուղից։

Հարևան Օնիկ Հակոբյանն ասաց, որ այդ օրը Պետրոսյանների տանը խնջույք է եղել։ Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հավելեց, որ քրեական գործի տվյալներով՝ սեղանին օղի է եղել, մինչդեռ, վկան հերքեց դա, ասելով, թե օղու բաժակներ եղել են, բայց դրանց մեջ ջուր է եղել։

Վկային հարցեր ուղղեց նաև Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Պարզվեց, որ Պետրոսյանների տանը խնջույքին մասնակցել է նաև նկարահանող խումբը, և մինչ սեղանի շուրջ նստելը, նկարահանումներ են իրականացրել, ջրով լցված օղու բաժակներն էլ եղել են դրա մի մասը։