ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի

Your browser doesn’t support HTML5

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթակաfն վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով ստրասբուրգյան դատարանը պարտավորեցրել է Հայաստանին մինչև հոկտեմբերի 8-ը վճարել 6 հազար 30 եվրոյին համարժեք դրամ։ Գումարը վճարվելու է այս տարվա բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից։

Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռները Եվրադատարանը սկսել է կայացնել 2007 թվականից։ Անցած յոթ տարիների ընթացքում ընդդեմ Հայաստանի կայացվել է 49 վճիռ, որոնց փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 576 հազար 324 եվրո, որից 146 հազարը, ըստ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի, հատուցվել է ոչ պետական բյուջեից։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ, անցած յոթ տարիների ընթացքում, ընդդեմ Հայաստանի վճիռներով, հարկատուների հաշվին պետական բյուջեից հատուցվել է ավելի քան 430 հազար եվրո։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի դատական համակարգն անկախ չէ և արդյունքում վճարում են հարկատուները. - «Սա խոսում է, որ մեր դատարանները կախված են գործադիր իշխանությունից. մի կողմից` դատախազական և նախաքննական մարմնից, մյուս կողմից` հարկային մարմիններից»։

Փաստաբանը անցած տարիների ընթացքում ավելի քան 10 գործ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ցավով է փաստում, որ իր ներկայացրած գործերից երկուսով վճիռները ընդդեմ Հայաստանի Հանրապետության են. - «Երկուսն էլ վերաբերվել են կալանքներին: Անձի ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքի խախտում է փաստվել Եվրոպական դատարանի կողմից, և պետությունը, ի դեմս հարկատուների, հարկատուների գրպանից ստիպված է եղել վճարել վստահորդներին. Գասպար Պողոսյանի դեպքում` 10 հազար եվրոյի չափով, իսկ Արարատ Մուրադխանյանի դեպքում` 6 հազար 700 եվրոյի չափով»։

Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը չի ժխտում, որ արդար դատաքննության ու անձի ազատության իրավունքի հետ կապված գանգատները շատ են։ Փոխնախարարը ևս մտահոգիչ է համարում, որ հարկատուները ստիպված են լինում վճարել դատավորների կամ օրենքների անկատարության պատճառով։

«Մեր դատական օրենսգիրքը հենց նախատեսում է, որ դատավորին, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առումով, եթե արդարադատություն իրականացնելիս՝ նյութական կամ դատավարական օրենքի կոպիտ խախտում է թույլ տրվել և դա հաստատվել է միջազգային դատարանի կողմից, ապա կարգապահական պատասխանատվության ենթարկելու ժամկետը, այսինքն մեկ տարվա ժամկետը, սկսում է հոսվել հենց այդ դատական ակտը կայացնելու պահից, այսինքն կարծեք թե, հնարավորությունները այստեղ օրենսդիրը նաև նախատեսում է։ Օրինակ՝ ես կարող եմ ասել հայտնի Միշա Հարությունյանի գործով, որ դատավորը կարգապահական պատասխանատվության էր ենթարկվել», - ասաց Թաթոյանը։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը վստահ է, որ եթե փոխհատուցման պահանջները կպնեն նաև դատավորների գրպանին, ապա դա նրանց մտածելու տեղիք կտա. - «Դատավորը, երբ որ զգա, որ վաղը կամ մյուս օրը իր կողմից կայացված որոշումը եթե Եվրոպական դատարանում ճանաչվեց կոնվենցիային հակասող, դրա հետևանքով, բումերանգի նման գալու է իր գրպանին կպնի, նա, գուցե, մտածի դրա շուրջ և, որոշումները կայացնելուց, ավելի օբեկտիվ լինի»։

Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի խոսքով՝ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները հնարավորություն կտան կանխարգելելու քաղաքացիների իրավունքների հնարավոր ոտնահարումները ներպետական ատյաններում։