Մարշալների գյուղում՝ սահմանամերձ Զորականում, ծանրութեթև են անում պաշտոնյաների խոստումները

Your browser doesn’t support HTML5

Երևանից ավելի քան 200 կմ, իսկ Ադբեջանի սարերին՝ հանդիպակաց Տավուշի մարզի Զորական գյուղում մարդիկ ծանրութեթև են անում սահմանային լարվածության պայմաններում պաշտոնյաների հնչեցրած խոստումները` սահմանային շրջաններին արտոնություններ տալու վերաբերյալ: Հնարավո՞ր է՝ Կառավարությունը հանկարծ լուծի 600 բնակիչ ունեցող Զորականի խնդիրները։

«Կառավարութունը՝ կգա՞ն, կխոսցնե՞ն, ասեն՝ ո՞նց եք, ի՞նչ եք, ո՞նց եք ապրում. տենց մեկը չկա, մենք էլ ապրում ենք, էլի՝ անտեր»,- «Ազատության» հետ զրույցում բողոքեցին զորականցիները։

Տեղացիներն ասում են՝ Զորականը մարշալների գյուղն է: Այստեղ ապրողները ներգաղթել են 1988 թվականին՝ Գանձակից, Չարդախլու գյուղից: Քանի որ Չարդախլուն հայազգի նշանավոր զորահրամանատար Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի ծննդավայրն է եղել, այդ գյուղից ժամանակին տեղահանված ու Զորականում ապաստան գտած մարդիկ զորավարների հիշատակը հավերժացնող հուշակոթող են կառուցել, և զորականցիները, հայացքները հանրահայտ զորավարների նկարներին, տարիներ շարունակ փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ են անուշադրության մատնվել: Ինչո՞ւ կառավարությունից որևէ ներկայացուցիչ այդպես էլ չի այցելում այս գյուղ, որտեղ խնդիրները հրատապությունը չեն կորցնում տարիներով։

«Սաղ դատարկ է, այրված. ոչ ջուր ունենք, ոչ արոտ ունենք, տեսնում ես մեր էս հանդերը՝ սաղ չորացած են, կովերը սաղ սատկում են», - ասացին զորականցիները։

Գյուղացիներին, կրակահերթերով ժամանակ առ ժամանակ իրենց մասին հիշեցնող ադրբեջանցիներից, բաժանում է մի սար: «Ազատության» հետ զրույցում նրանք փաստում են՝ «կրակը մեր ականջի տակ է»։

Ինչպես մի շարք գյուղերում, Զորականում էլ հիմնականում տարեց մարդիկ են մնացել։ Ասում են՝ ջահելները գնացել են՝ «իրենց համար մի կտոր հաց ստեղծեն»։

Զորականցիների մի մասը, սակայն, դեռ հույս ունի, որ պաշտոնյաների խոստումները, սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու վերաբերյալ, իրականություն դառնալու դեպքում կփրկեն իրավիճակը։

«Մեր երկրից լավ երկիր չկա. որ գիտենան, որ ապրուստը լավ է՝ խմելիքը կա, բերքը կա, ամեն ինչ կա, սաղ էլ կգան իրանց տեղը, գնալ չեն ուրիշ տեղ աշխատանքի։ Մաքուր ջուր չկա, որ երեսները լվանան, բայց մի քիչ լավանա, տես ոնց են հետ գալու»,-ասացին գյուղացիները։

«Սահմանամերձը նոր մոդա ընգավ»

Իսկ Լևոն Պողոսյանը ուշադրություն է հրավիրում մի պարզ օրինակի վրա. ավելի քան մեկ տարի առաջ այրվել է տունը, մինչ օրս բազմաթիվ դիմումներ է ուղարկել տարբեր պաշտոնյաների, բայց խնդիրը մնացել է չլուծված։

«Ես որպես սպորտսմեն դիմել են նախագահին, Ծառուկյանին, նույնիսկ առանձին տերտերին էլ եմ գրել, բայց պատասխան չկա։ 30 հազար դրամ մարզպետարանը փող է տվել մի տարի առաջ ու վերջ՝ մի տարի մի ամիս է արդեն։ Հիմա գյուղապետարանի նախկին հավաբնում եմ ապրում», - ասաց Պողոսյանը։

Հարցին, թե դուք գրո՞ւմ էք, որ սահամանամերձ գյուղի բնակիչ եք ու ձեզ չե՞ն օգնում, Պողոսյանը պատասխանեց. - «Ես սահմանամերձը չեմ գրում, սահմանամերձը նոր մոդա ընկգավ»։

10-ը օր առաջ պատգամավորներն այցելել էին սահմանամերձ գյուղեր և Կառավարությանը ներկայացրել առաջարկ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին կոմունալ վարձերից և ոռոգման ջրի վճարումներից ազատելու, դպրոցականներին անվճար դասագրքեր տրամադրելու, նաև նոր ծնված երեխաների նպաստի չափն ավելացնելու ինչպես նաև մի շարք այլ արտոնություններ տրամադրելու համար: Սակայն, քաղաքական հայտարարությունների ֆոնին, ուշագրավ է, որ Կառավարության այսօրվա նիստում հարցին այդպես էլ որևէ անդրադարձ չեղավ: