Կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների ընդունելության հանձնաժողովի նիստ, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը:
Նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը՝ ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ ընդառաջելով սիրահայ դիմորդների խնդրանքին՝ սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա վճարովի համակարգում, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 30-ը:
Անդրադառնալով Ուկրաինայից եկած դիմորդների խնդիրներին՝ նախարար Ա. Աշոտյանը ընդգծել է, որ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում և յուրաքանչյուր հարց, քննարկելով ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հետ, աջակցել բոլոր դիմորդներին:
Ինչ վերաբերում է պետպատվերով հատկացված տեղերին՝ նախարարն ընդգծել է, որ դրանք հատկացվում են հայագիտական մասնագիտություններին: Մանկավարժական մասնագիտությունների համար սփյուռքահայ ուսանողների պետական պատվերը այս տարի հատկացվելու է բացառապես Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտին:
Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերել են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացված 2014-2015 ուսումնական տարվա համար սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման և հաշվառման ընթացքին: Օգոստսի 22-ի դրությամբ ՀՀ բուհեր ընդունվելու համար դիմել են 337 սփյուռքահայեր, հիմնական մասը՝ շուրջ 154 դիմորդ Վրաստանից, 71 Ռուսաստանից, 67 Սիրիայաից: Օտարերկրյա դիմորդների թիվը նույն օրվա դրւթյամբ կազմել է 117:
Նիստի ընթացքում սփյուքահայ ուսանողների ընդունող հանձնաժողովը որոշմամբ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցման 2014-2015 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկով նախատեսված միասնական և կենտրոնացված կարգով պետական քննություններին մասնակցած ու համապատասխան առարկաներից դրական գնահատականներ ստացած դիմորդներին ազատել այդ առարկաների համար նախատեսված գիտելիքների ստուգումից:
Որոշվել է սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգումը կազմակերպել ս.թ. օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում և արդյունքները ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարություն: