Ուկրաինայի Զինված ուժերի խոսնակ Անդրիյ Լիսենկոն հայտարարել է, որ օգոստոսի 27-ին մի խումբ ռուսաստանցի զինծառայողներ զրահամեքենաներով հատել են ռուս-ուկրաինական սահմանը և մուտք գործել Ուկրաինայի կառավարական զորքերի և ռուսամետ անջատականների պայքարի թատերաբեմ դարձած տարածքներ:
Լիսենկոն նաև հայտարարել է, որ վերջին բախումներում սպանվել է 200 անջատական զինյալ, Ուկրաինական զինված ուժերի 13 զինծառայող զոհվել է:
Մեկ այլ հաղորդագրությամբ էլ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դոնեցկից մոտ 80 կիլոմետր հարավում հայտնաբերվել է Ռուսաստանից դեպի Տելմանով ուղևորվող տանկերի և ծանր զինտեխնիկայի խոշոր շարասյուն:
Օգոստոսի 27-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Լեհաստանի հետախուզական ծառայությունը հավաստիացել է, որ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին ռուսաստանցի զինվորականներ են մասնակցում: