Շարունակվում է մետրոյի նախկին աշխատակիցների հայցով դատավարությունը

Your browser doesn’t support HTML5

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներն ընդդեմ մետրոյի ղեկավարության դատական նիստի արդեն երրորդ օրը պատասխանող կողմը չկարողացավ դատարանին բացատրել, թե ինչ փաստերի հիման վրա է աշխատանքից ազատել Գագիկ Գալստյանին, Սևակ Հովհաննիսյանին և Անդրանիկ Գևորգյանին:

15 տարվա շարժասանդուղքի փորձառու մասնագետները վստահ են, որ այս տարիների ընթացքում պատշաճ աշխատել են, իսկ աշխատանքից ազատվել են պարտադիր կուտակային կեսանթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ վերջիններս ընդամենը մեկ անգամ՝ փետրվարի 11-ին են մասնակցել ցույցին, իսկ փետրվարի 13-ին ղեկավարությունը անվստահություն է հայտնել նրանց աշխատանքի վերաբերյալ և գործից ազատել:

Պատասխանող կողմը որպես աշխատանքի թերացում նշում է գրանցամտյաններում աշխատանքի վերաբերյալ պատշաճ գրառումներ չանելու հանգամանքը։ Հայցվոր կողմը, չհամաձայնելով այդ պնդումներին, հակադարձում է. - «Իրանք պետք է գրառում անեն, որ մենք թերացել ենք, բայց մեր մատյանների մեջ նման գրառումներ չկան»։

Այսօր դատավոր Սիմիզար Հովսեփյանը փորձում էր պարզել՝ արդյո՞ք գրանցամատյաններում գրառումներ չկատարելը լուրջ հիմնավորում է փորձառու մասնագետներին աշխատանքից ազատելու համար: Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը պատասխանեց, որ դա լուրջ հիմք է, հատկապես, որ մետրոպոլիտենի նախկին աշխատողները հաճախ իրականությանը չհամապատասխանող գրառումներ են թողել:

«Այսինքն՝ մեքենան չի կագնացրել, բայց գրել է, որ ես էդ մեքենայի վրա աշխատանքներ կատարել եմ։ Դա տեղի է ունեցել ամբողջ հունվարը և մինչև փետրվարի 13-ը։ Մեր ներկայացրած ապացույցները դրանք են», - ասաց Մնացականյանը։

Եթե թերացումները հաճախակի բնույթ էին կրում և մետրոյի նախկին աշխատիցները պարբերաբար չէին կատարում իրենց առջև դրված պարտականությնները, ապա ինչո՞ւ 15 տարվա ընթացքում գոնե մեկ գրավոր նախազգուշացում չի եղել․ դատավորի և հայցվոր կողմի այս հարցն այդպես էլ մնաց անպատասխան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատասխանող կողմն ասել էր, թե թերի աշխատանքի համար արձանագրություններ չեն կազմվել զուտ մարդասիրական նկատառումներով, չէին ցանկանում աշխատավարձից պահումներ անել: Մինչդեռ հարկ է նշել, որ մետրոյի ղեկավարությունը ամենևին էլ մարդասիրական մոտեցում չի ցուցաբերել իր նախկին աշխատակիցների նկատմամբ, երբ վերջիններիս աշխատանքից ազատում էր անվստահության հոդվածով: Այս հանգամանք այսօր դատարանում փորձում էր հիմնավորել մետրոպոլիտենի իրավաբանական բաժնի պետ Արտակ Երեմյանը՝ ասելով, թե մետրոպոլիտենը նյութական լուրջ վնասներ է կրել թերի աշխատանքի հետևանքով:

Այդուհանդերձ, այսօր այդպես էլ դատարանին չներկայացվեց, թե ինչ չափի նյութական վնաս է կրել Մետրոպոլիտենը Գագիկի, Անդրանիկի, Սևակի թերի աշխատաքնի հետևաքնով:

«Ազատության» հետ զրույցում հայցվոր կողմի ներկայացուցիչ Քրիստինա Գևորգյանն ասաց, որ եթե նախկին աշխատողները իրոք նյութական վնաս պատճառած լիենին մետրոյին, այս կառույցը հակընդդեմ հայցով հանդես կգար, ինչը, սակայն, տեղի չի ունեցել:

Այսօր ավարտվեց նախապատրաստական փուլը, դատաքննությունը կմեկնարկի հոկտեմեբերի 2-ին: Մետրոյի նախկին աշխատակից Գագիկ Գալստյանը դեռևս հույս ունի, որ կվերադառնա հին աշխատանքին: