Ռուսաստանի պաշտպանության նախարարության չբացահայտված աղբյուրը ռուսաստանյան լրատվամիջոցներին ասել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում գերեվարված ռուս դեսանտավորները պատահաբար են հատել ռուս-ուկրաինական սահմանը՝ սահմանի երկայնքով պարեկային ծառայություն իրականացնելու ժամանակ:
Ուկրաինական անվտանգության ծառայությունը, մինչդեռ, հայտարարել է, որ 10 զինծառայողները՝ ռուսաստանյան բանակի 98-րդ օդային-դեսանտային դիվիզիայից, գերի են վերցվել Դոնեցկից 50 կիլոմետր հարավ-արևելք գտնվող ուկրաինական մի գյուղի մերձակայքում:
Ավելի վաղ՝ օգոստոսի 25-ին, Կիևը հայտարարել էր, որ որպես անջատական զինյալներ ծպտված ռուսական զինված ուժերը Ռուսաստանի տարածքից 10 տանկ և 2 զրահամեքենա են տեղափոխել Ուկրաինայի հարավ-արևելք:
Կիևը շարունակաբար Մոսկվային մեղադրում է Ուկրաինայի տարածքում ռուսամետ անջատականներին աջակցելու մեջ, թեև Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները: