Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացկած հարցման արդյունքների՝ ռուսաստանցիների 24 տոկոսը Լեռնային Ղարաբաղը համարում է անկախ պետություն:
Հարցվածների 11 տոկոսը համարում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքն է, 9 տոկոսը՝ որ այն մաս է կազմում Ադրբեջանին:
Իսկ ղարաբաղյանի խնդրի խաղաղ կարգավորում հնարավոր է համարում հարցված ռուսաստանցիների 56 տոկոսը:
Հարցումը ցույց է տալիս, որ ռուսաստանցիները քիչ բան գիտեն Ղարաբաղի ու ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանց մեծ մասը, այդուհանդերձ, հուսով է, որ այն հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով:
Ռուսաստանցիների միայն 45 տոկոսն էր տեղյակ հուլիսի վերջին – օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մասին: Ընդ որում՝ մանրամասն տեղեկություններին տիրապետում էր նրանց ընդամենը 10 տոկոսը, իսկ մնացած 35-ը «ինչ-որ բան լսել էին»: Հարցվածների 52 տոկոսն առհասարակ տեղյակ չէր, որ իրավիճակն այնտեղ լարված է եղել:
Հարկ է հավելել, որ ռուսաստանյանի դաշնային հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում Ուկրաինան է, և վերջին լարվածության ամենաթեժ օրերին անգամ չէին անդրադառնում Լեռնային Ղարաբաղին:
Ուշագրավ է, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ համեմատաբար ավելի տեղեկացված են 50-ն անց ռուսաստանցիները:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 16-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության 12 մարզերում, հարցմամբ ընդգրկվել է 1600 մարդ: